30 ապրիլի 2012 - 14:42 AMT
ԿԱՐԾԻՔ
Ինչո՞ւ ՊՆ-ն չի կարողանում համագործակցություն հաստատել ԶԼՄ-ների հետ

Շատ հաճախ Հայաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները հանդիմանում են ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ մեղադրելով նրանց բանակային այս կամ այն դեպքի կանխակալ լուսաբանման մեջ, կամ նրանում, որ ԶԼՄ-ները չստուգված տեղեկատվություն են հրապարակում ինչ-որ լուրերի հիման վրա (չգիտես ինչու այդ լուրերից շատերն ի վերջո ճիշտ են դուրս գալիս): Եվ ամեն անգամ բանակի ղեկավարությունը համագործակցության կոչ է անում ԶԼՄ-ներին՝ խնդրելով աջակցել բանակում առկա խնդիրների լուծմանը:

Այսօր ՊՆ-ն հերթական անգամ ցուցադրեց ԶԼՄ-ների հետ «հաջող» համագործակցության օրինակ, ընդ որում մի հարցում, որը ոչ մի առնչություն չուներ բանակում կատարվող ողբերգական դեպքերի հետ և չէր կարող հարվածի տակ դնել զինված ուժերի հեղինակությունը:

Անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը մի քանի սադրիչ գործողություններ իրականացրեցին ՀՀ Տավուշի մարզին հարող շփման գծում, որին զոհ գնացին երեք հայ պայմանագրային զինծառայողներ, գնդակոծվեց նույնիսկ Դովեղ գյուղի մանկապարտեզը: Այսօր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը դիտարկում պետք է անցկացնի Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում՝ ՀՀ Տավուշի մարզի Բերդ ու Բերքաբեր բնակավայրերի հարևանությամբ:

ՊՆ-ն հայտարարեց այդ միջոցառման մասին, հրավիրելով լրագրողներին լուսաբանելու այն, որի արդյունքում հայ և համաշխարհային հանրությունը իրազեկ կդառնար վերջին այդ աղաղակող իրադարձություններին, հերթական անգամ տեսնելով Ադրբեջանի ղեկավարության իրական դեմքը: Սակայն այդ ազնիվ մղումը ձախողվեց ու վերածվեց սկանդալի՝ ցույց տալով պաշտպանության նախարարության լիակատար կազմակերպչական սնանկությունը:

Ինչպես պարզվեց, հրավիրելով լրագրողներին լուսաբանել այդ միջոցառումը, ՊՆ-ն այնքան էլ դա չէր ցանկանում, չէ որ այլ կերպ չես բացատրի, թե ինչու 25 լրագրողներին տեղափոխելու համար հատկացվել էր «Գազ Սոբոլ» մակնիշի մեկ միկրոավտոբուս (10 նստատեղ): Հարկ է նշել, որ ՊՆ-ում տեղյակ էին, որ ԶԼՄ-ները հետաքրքրված են այս միջոցառմամբ, որի վկայությունն է լրատվական գործակալություններին ուղղված խնդրանքը՝ չվերցնել ֆոտոլրագրողների, սահմանափակվելով միայն թղթակիցներով:

Առավոտյան ժամը 7-ից ՊՆ շենքի մոտ հավաքված լրագրողների այն արդարացի հարցին, թե ինչպես է այսքան մարդը տեղավորվելու 10-տեղանոց միկրոավտոբուսում, ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի օպերատիվ կառավարման ավագ սպա, փոխգնդապետ Սամվել Հասրաթյանն առաջարկեց նրանց ինքնուրույն լուծել այդ տրամաբանական խնդիրն ու մի կերպ տեղավորվել: Տեսենելով լրագրողների վրդովմունքը՝ ՊՆ ներկայացուցիչը փոխանակ խնդիրը շտկելու լրացուցիչ տրանսպորտային միջոցների ներգրավման միջոցով, առաջարկեց բավականին օրիգինալ լուծում՝ նվազեցնել լրագրողների քանակը:

Ղեկավարության հետ կապվելու և տրանսպորտի հարցը լուծելու լրագրողների բազմաթիվ կոչերից հետո, ՊՆ ներկայացուցիչը վերջնագիր ներկայացրեց. կամ տեղավորվում եք այս միկրոավտոբուսում և մեկնում եք, կամ չեք մեկնում: Բնականաբար, նման վերաբերմունքից հետո լրագրողները հրաժարվեցին մեկնել, բարի ճանապարհ մաղթելով ՊՆ ներկայացուցիչներին՝ հորդորելով նրանց ինքնուրույն լուսաբանել մոնիտորինգը:

Նշենք, որ ԶԼՄ-ների գրեթե 2 տասնյակ ներկայացուցիչներից ստեղծված իրավիճակին հարմարվեցին միայն երկուսի ներկայացուցիչները, որոնք էլ մեկնեցին Տավուշ, սակայն, ելնելով կորպորատիվ էթիկայի կանոններից, չեմ ցանկանում անվանել ոչ այդ ԶԼՄ-ները, ոչ էլ լրագրողներին:

Այսպիսով, ՊՆ-ն հերթական անգամ ցույց տվեց, որ չի ցանկանում նորմալ համագործակցություն հաստատել մամուլի հետ, ընդ որում մի հարցում, որը կապված է երկրի անվտանգության հետ և որը կարելի էր օգտագործել Ադրբեջանի հետ ընթացող տեղեկատվական պատերազմում` հերթական անգամ աշխարհին ցույց տալով ադրբեջանական իշխանությունների ռազմատենչ էությունը:

Ինչո՞ւ եմ ես կարծում, որ այս ամենը կապված էր լոկ ԶԼՄ-ների հետ չհամագործակցելու ցանկության հետ: Չէի ցանկանա մտածել, որ ՊՆ-ի պես հզոր ու կարևոր գերատեսչությունում, որը պատասխանատու է երկրի անվտանգության համար, աշխատում են նման անտաղանդ կազմակերպիչներ, որոնք չենք կարող լուծել լրացուցիչ միկրոավտոբուսի խնդիրրը իրենց իսկ կազմակերպած միջոցառման համար:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News