30 ապրիլի 2012 - 17:02 AMT
ՀԴԿ. Վերջին երկու տասնամյակներում մեզանում աղետալիորեն նոսրացել են աշխատավորության շարքերը

Մայիսի 1-ը ողջ աշխարհը նշում է որպես աշխատանքի և աշխատավոր մարդու տոն, որպես արարումի, համերաշխության, խաղաղության և բարեկեցության խորհրդանիշ:

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է տարածել՝ նշելով, որ վերջին երկու տասնամյակներում մեզանում աղետալիորեն նոսրացել են աշխատավորության շարքերը. «Հայ մարդը դեգերում է օտար ափերում` իր և ընտանիքի գոյության պահպանման միջոցներ գտնելու: Մինչդեռ, քարաստաններ ծաղկեցնող հային աշխատանք է պետք հենց իր հայրենիքում: Օտար եզերքներ շենացնելու փոխարեն նա ուզում է իր երկիրը դարձնել շեն ու բարեկեցիկ, որտեղ ապրում են հայրենասեր ու հայրենատեր արժանապատիվ մարդիկ»:

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը վճռական է` իրականություն դարձնելու աշխատանքի, երկրի օրինական տիրոջ քաղաքացիների իրավունքը: «Հենց այդ ուղղությամբ կուսակցության անելիքներն ամփոփված են մեր նախընտրական ծրագրում, որի յուրաքանչյուր կետի իրագործման համար պայքարելու ենք օրենսդիր մարմնում, առաջին հերթին, որպեսզի վերագործարկվեն ու կառուցվեն նոր ձեռնարկություններ, պետության հովանավորությամբ զարգանա գյուղատնտեսությունը, մտավորականը, ծառայողը վայելի ստեղծարար աշխատանքի բերկրանքը»:

Նաև նշվում է, որ Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը բոլոր միջոցներով նպաստելու է, որպեսզի մարդը ոչ թե բարեգործներ փնտրի ու բավարարվի սոսկ նպաստառուի կարգավիճակով, այլ իր մասնագիտությամբ, իր մտավոր ու ֆիզիկական ներուժին համազոր աշխատանք ունենա և արժանապատիվ աշխատանքով նշի աշխատավորության, համազգային միաբանության գալիք տոները: