ԵԱՀԿ ներկայացուցիչներն ու ադրբեջանական դիվերսիաները. Եկան, տեսան, բա հետո՞

ԵԱՀԿ ներկայացուցիչներն ու ադրբեջանական դիվերսիաները. Եկան, տեսան, բա հետո՞

PanARMENIAN.Net - Այսօր` ապրիլի 30-ին, ԵԱՀԿ ներկայացուցիչները կարողացան անձամբ ծանոթանալ ադրբեջանցիների կողմից ՀՀ Տավուշի մարզի Դովեղ հայկական բնակավայրի գնդակոծման հետևանքներին: Մի բնակավայրի, որը ապրիլի 25-ին 40 րոպե շարունակ ադրբեջանցիների նշանակետն էր, և որտեղ գնդակոծման է ենթարկվել մանկապարտեզը, որի սաներին, ինչպես և դպրոցի աշակերտներին տարհանել են այլընտրանքային ելքերով: Լուսա- և տեսանկարահանման օգնությամբ ԵԱՀԿ ներկայացուցիչներն արձանագրել են գնդակոծման հետևանքները:

ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Իրժե Աբերլեն նույնպես այցելել են դեպքի վայր, որտեղ ադրբեջանական դիվերսիոն խումբը սպանել է երեք հայ ժամկետային զինծառայողների` ջահել տղաների, որոնց հողին հանձնեցին երեկ: Դրանից հետո ԵԱՀԿ ներկայացուցիչները Բերդի ռազմական ոստիկանությունում մանրակրկիտ զննել են հարձակման ենթարկված մեքենան, որով, ինչպես խոսում են, անզեն և քաղաքացիական հագուստով երիտասարդները վերադառնում էին զորամաս, և փաստագրել են այն ամենը, ինչ մնացել է մեքենայից:

Մինչ այդ ԵԱՀԿ առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում մոնիթորինգ էր անցկացրել, որն առանց միջադեպերի էր անցել: Շփման գծում, որտեղ անցյալ գիշեր ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը, կրկին գնդակոծել հայկական դիրքերը: Բարեբախտաբար, այս անգամ տուժածներ չկան:

Եկան, տեսան, արձանագրեցին: Իսկ հետո ի՞նչ: Կրկին կսկսվեն անվերջ խոսակցությունները «հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտության» մասին: Խոսակցություն առանց կոնկրետ հասցեատիրո՞ջ: Կրկին խնդիրը խաղաղ ճանապարհով, այլ ոչ թե զենքի օգնությամբ լուծելու կոչե՞ր: Կրկին միջնորդներն ու միջազգային հանրությունը նրանց հետ միասին փակելո՞ւ են աչքերը Ադրբեջանի կողմից անթիվ զենքի ձեռքբերման վրա, անգամ նույն այդ միջնորդներից: Կրկին ադրբեջանական կողմը դիվերսիանե՞ր է իրականացնելու: Կրկին զոհվելու են ադրբեջանցի դիվերսանտների կողմից դավադրաբար սպանված հայ երիտասարդնե՞ր:

Կրկին գնդակոծվելու են մանկապարտեզներն ու դպրոցները, որտեղից երեխաներին տարհանելու են պատուհաններո՞վ:

Թե՞: Թե՞ միջազգային հանրությունն իր մեջ ուժ կգտնի նշելու զենքը վայր դնելու իր կոչերի կոնկրետ հասցեատիրոջը, ձեռնարկելու խոսքերով չսահմանափակվող ու գործող միջոցներ, որոնք այդքան լավ են գործում, երբ պետք է, ստիպելու իսկապես բանակցություններ վարել, այլ ոչ թե ձախողել դրանք վերջին րոպեին, ինչպես սովոր է դա անել ադրբեջանական կողմը:

Ահա և կտեսնենք, թե ինչ կլինի հետո:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---