18 մայիսի 2004 - 23:16 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԱՏԱԳՐՈՂՆԵՐԸ» ՎՐԴՈՎՎԱԾ ԵՆ ԼՂՀ-Ի ՀԵՏ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՖԻՐՄԱՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ղարաբաղի ազատագրման ադրբեջանական կազմակերպությունը (ՂԱԿ) նախատեսում է բողոքի ակցիաներ կազմակերպել Իրանի,ԱՄՆ,Կանադայի, Ֆրանսիայի եւ այլ երկրների դեսպանատների առջեւ, որոնց ներկայացուցիչները ձեռներեցությամբ են զբաղվում Լեռնային Ղարաբաղում: Ինչպես տեղեկացնում է Բաքվի «Զերկալո» թերթը, ՂԱԿ-ը մտադիր է նման ակցիաներ անցկացնել նաեւ իրանական այն ֆիրմաների գրասենյակների մոտ, որոնք համագործակցում են միաժամանակ պաշտոնական Բաքվի եւ ղարաբաղյան իշխանությունների հետ: «Երկրները, որոնց ներկայացուցիչները գործարարությամբ են զբաղվում Ղարաբաղում, եւ որոնց դեմ նրանց իրենց պետական մարմինները միջոցներ չեն ձեռնարկում, անուղղակիորեն չեն ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այդ երկրների ներկայացուցիչները չպետք է հանգիստ վաստակեն Ադրբեջանի հաշվին»,- հայտարարել է ՂԱԿ-ի առաջնորդ Աքիֆ Նաղին: Թերթը հիշեցնում է, որ ավելի վաղ Ա.Նաղին մեղադրել էր Իրանի իշխանություններին նրանում, որ իրանահայերը հիմնադրել են Լեռնային Ղարաբաղում պոլիէթիլենային խողովակների արտադրություն: Իսկ առավել եւս Ա.Նաղիին վրդովեցրել է Բաքվում Իրանի դեսպանության արձագանքը, ըստ որի «պաշտոնական Թեհրանը պատասխանատվություն չի կրում իր քաղաքացիների առանձին գործողությունների համար»: Ա.Նաղին խոստացել է, որ հենց որ ՂԱԿ-ն «ազատագրի Շուշին ու Լաչինը», նրանք կզբաղվեն Ղարաբաղի հետ համագործակցող գործարարների հետ: