1 մայիսի 2012 - 12:59 AMT
Ծիրանենիներն ու դեղձենիները վարակված են սնկային հիվանդությամբ

«Այսօր արդեն դեղձի ու ծիրանի փոքր պտուղների վրա նկատելի են սնկային հիվանդության հետքեր, եթե հիմա սկսենք բուժումը, ապա կունենանք շուրջ 5000 տոննա բերք, իսկ եթե ոչ` ապա բերքի կորուստ կունենանք»,-այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նրա խոսքով` այդ հիվանդություններն արդեն երկու տարի է գոյություն ունեն, դրան առավել նպաստում է անձրևային եղանակը, խոնավությունը:

Հրաչ Բերբերյանի համոզմամբ` բուժման ընդհանուր և ավիացիոն մեթոդը պետք է կիրառվի, քանի որ, եթե մի գյուղացին բուժի իր այգին, իսկ մյուսը` ոչ, ապա սնկային հիվանդությունը կրկին կվարակի բուժված ծառերը:

Հրաչ Բերբերյանը հիշեցրեց, որ երկու տարի առաջ, կարկուտ չեղավ, բայց սնկային հիվանդության պատճառով բերքի կորուստ ունեցանք: «Եթե պայքար չլինի՝ մի քանի տարի հետո կարող ենք բազմաթիվ ծառեր կորցնել»,- ասաց Հրաչ Բերբերյանը: