Ադրբեջանական լկտիություն. Բաքուն սպառնում է Արևմուտքին անդամակցել այլ «դաշինքի», եթե ճնշում չգործադրվի Հայաստանի հանդեպ

Ադրբեջանական լկտիություն. Բաքուն սպառնում է Արևմուտքին անդամակցել այլ «դաշինքի», եթե ճնշում չգործադրվի Հայաստանի հանդեպ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը, որն օրերս գնդակոծել է հայկական սահմանամերձ գյուղը, որի դիվերսիոն խումբը, թափանցելով Հայաստանի տարածք, սպանել էր երեք ժամկետային զինծառայողների, որի բանակը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը, հատել է նույնիսկ տրամաբանության շրջանակներն ու անցել իր նախընտրած միջոցին՝ շանտաժին: Մասնավորապես, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ Բաքուն կարող է «վերանայել իր արևմտամետ կողմնորոշումն ու անդամակցել այլ «քաղաքական դաշինքի», եթե առավել ծավալուն աջակցություն չստանա, հատկապես ղարաբաղյան հակամարտության հարցում»,-գրում է Bloomberg Businessweek-ը:

Ադրբեջանը ցանկանում է, որ «Եվրոպան ու ԱՄՆ-ն ճնշում գործադրեն Հայաստանի հանդեպ»,-ասել է Մամեդովը: Ըստ նրա, Ադրբեջանն «արդեն առաջարկ է ստացել՝ միանալ այլ քաղաքական դաշինքի»: «Այս պահի դրությամբ մենք չենք ընդունել այդ առաջարկը: Սակայն, եթե այսպես շարունակվի, մենք կարող են ընդունել 5-10 տարվա ընթացքում,-ասել է Մամեդովը: -Մենք Արևմուտքի աջակցությունն ենք ակնկալում Ղարաբաղի հարցում»: Նա չի մոռացրել «հիշեցնել» Արևմուտքին, որ Աֆղանստան ՆԱՏՕ-ի առաքումների 35 տոկոսն իրականացվում է Ադրբեջանի տարածքով, նույն րոպեին բողոքելով, թե «Բաքուն չի տեսնում դրական մոտեցում դրան ի պատասխան»:

Մնում է միայն կռահել, թե «ինչ նոր դաշինքի» մասին է հայտարարում Ադրբեջանը և ինչպիսին կլինի Արևմուտքի արձագանքը ադրբեջանցիների շանտաժին: Միանգամայն հնարավոր է, որ Եվրոպան ու ԱՄՆ-ն կրկին լուռ կուլ կտան իր անպատժելիությունից լկտիացած Ադրբեջանի «դառը հաբը»: Եվ հավանաբար, առանձնազրույցի ժամանակ ադրբեջանական ղեկավարությանը կխոստանան անպայման ճնշում գործադրել Հայաստանի վրա, իսկ հրապարակավ կշարունակեն արդեն տասնամյակներ ձգվող բանակցությունները՝ հուսալով, որ խնդիրը Ադրբեջանի բարձրաձայնած «5-10» տարում մի կերպ «կշտկվի»: Չի բացառվում, նաև նոր պատերազմի միջոցով, որն, ինչպես կարծում են փորձագետները, կարող է վերջի սկիզբը դառնալ հենց Ադրբեջանի համար, որտեղ դա հիանալի գիտակցում են:

Եվ վերջում վերջին օրերի իրադարձությունների ժամանակագրությունը.

Ապրիլի 24-ին ադրբեջանցիները ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում գնդակոծել են սանիտարական մեքենան

Ապրիլի 25-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիս-արևելյան հատվածում արձանագրվել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպք: Ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրազենային զենքերից գնդակոծվել էին Տավուշի մարզի Դովեղ գյուղի պաշտպանական դիրքերը, կրակոցներ էին արձակվել գյուղի ուղղությամբ: Վնասվել էր գյուղի մանկապարտեզը և մանկապարտեզի մոտ կայանած «Գազ 53» մակնիշի ավտոմեքենան:

27.04.2012թ.՝ժամը 04:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ Տավուշի մարզի Այգեպար-Մովսես գյուղերի միջև ընկած ճանապարահատվածում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել վարորդը և ևս երկու պայմանագրային զինծառայողներ: Ապրիլի լույս 30-ին գիշերը ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարը Տավուշի մարզի սահմանում: Հայկական կողմից տուժածներ և վիրավորներ չկան:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---