1 մայիսի 2012 - 16:10 AMT
«Երկիր». «Լֆիկի՞ն են հավատալու, թե՞ Լֆիկն է հավատալու, որ փոխվեն»

Ըստ «Երկիր» թերթի` Սամվել Ալեքսանյանը (նույն ինքը` Լֆիկ Սամո) թիվ 8 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Կորյուն Նահապետյանին` իր քրոջ փեսային աջակցելու նպատակով, ուրբաթ օրն այցելել է Հարավ-արևմտյան Ա-3 թաղամաս և, կանգնելով բակի կրպակ-խանութներից մեկի մոտ, հայտարարել, որ փակում է պարտք ունեցողների պարտքերը:

«Մոտեցողներին էլ, անկախ տարիքից, նաև բաժանել է 10-30-հազարական դրամ: Ընդ որում` «բարեգործ գործարարը» նաև ցինիկաբար հայտարարել է, որ ինքը մարելու է միայն ընտրելու իրավունք ունեցողների պարտքերը, իսկ վարձով ապրողները, ովքեր տարածքում հաշվառված չեն, թող իրենց գլխի ճարն ինքնուրույն տեսնեն: Ի դեպ, Լֆիկն այս «բարեգործական ակցիան» իրականացրել է այն թաղամասում, որտեղ բնակվում են նույն ընտրատեղամասում ԱԺ պատգամավորական թեկնածու առաջադրված` ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը և «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանը»,- գրում է թերթը: