20 մայիսի 2004 - 18:41 AMT
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ԵՎ ՆԱՏՕ-Ն ԾԱՎԱԼՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԾՐԱԳԻՐ ՎՐԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Միացյալ Նահանգները եւ ՆԱՏՕ-ն ծավալում են ռազմական օգնության աննախադեպ ծրագիր, հասցեագրված Վրաստանին, Ադրբեջանին եւ Հայաստանին: Այդ մասին են վկայում աղբյուրները Գերմանիայում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունում: Մասնավորապես, նրանց հաղորդման համաձայն, նման ջանքերում պատրաստ են ակտիվ դեր ստնաձնել Բալթիայի երկրները, որոնք նոր են մուտք գործել Հյուսիսատլանտյան դաշինք: Ամերիկացիները մտադիր են շարունակել «փափուկ ուժի զգուշավոր կիրառումը» Կովկասում: Նման ռազմավարության օրինակ կարող է ծառայել Վրաստանում իրականացված 64 մլն դոլար արժողությամբ «Սովորեցնել եւ հանդերձավորել» ծրագիրը: «Բոստոն Գլոբ» թերթի տվյալների համաձայն, 2002 թվականի մայիսից այդ ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ն նախապատրաստել է վրացական հետեւակի չորս գումարտակ եւ տանկային վաշտ: Իսկ ամերիկյան նոր` «Կասպիի պահապանը» նախաձեռնությունը կոչված է օգնել Ադրբեջանին եւ Ղազախստանին ամրապնդել Կասպից ծովի տարածաշրջանի անվտանգությունը: Միացյալ Նահանգները եւ նրանց դաշնակիցները չեն թաքցնում, որ առաջին հերթին շահագրգռված են կասպիական նավթի անարգել առաքման հարցում: Ամերիկայի հետ մեկտեղ Հարավային Կովկասի երկրներին զգալի ռազմական աջակցություն են ցուցաբերում Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Թուրքիան: Ինչ վերաբերում է Լիտվիային, Լատվիային եւ Էստոնիային, ապա նրանք պատրաստ են զինված ուժերի բարեփոխման իրենց փորձը կիսել Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, որպեսզի դրանք համապատասխանեն ՆԱՏՕ-ի չափանիշներին: Բացի այդ, երեք բալթյան հանրապետությունները ցանկություն ունեն աջակցելու սահմանապահներ պատրաստելու գործում: Հարավային Կովկասին օգնություն ցուցաբերելու ջանքերի համակարգման հարցերին էր նվիրված այս ամիս գերմանական Գարմիշ Պարտենկիրհեն քաղաքում գտնվող Ջորջ Մարշալի անվան Անվտանգության ոլորտի հետազոտությունների եվրոպական կենտրոնում տեղի ունեցած երկօրյա կոնֆերանսը: