2 մայիսի 2012 - 13:50 AMT
Գալուստ Սահակյանը ՀՀԿ-ի ընդիմություն դառնալը համարում է անհնար

Գալուստ Սահակյանը նախադրյալներ չի տեսնում, որպեսզի ՀՀԿ-ն դառնա ընդդիմություն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ չի հավատում, թե ընտրություններում Հանրապետականը կարող է չհաղթել և դառնալ ընդդիմություն. «Դա երազային է երևում: Չկան դրա նախադրյալները»:

Գալուստ Սահակյանի խոսքով՝ այս ընտրություններից հետո ՀՀԿ-ն միանգամից սկսելու է պատրաստվել մյուս խորհրդարանական ընտրություններին. «Էլ չխոսանք նախագահականի մասին»:

Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը: Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):