2 մայիսի 2012 - 14:47 AMT
Բեյրութում բացվել է Եղեռնի լուսաբանման մասին ցուցահանդես

Ապրիլի 28-ին Բեյրութի Կապուցինների եկեղեցու սրահում բացվեց «Հայոց ցեղասպանության լուսաբանումը արտասահմանյան մամուլի առաջին էջերին» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը: Ցուցադրության բացումը կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի («Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի Լիբանանի Կեդրոնական Մարմին») և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համատեղ ջանքերով, ինչպես նաև Բեյրութի քաղաքապետարանի աջակցությամբ:

Ցուցահանդեսի բացմանը ելույթ ունեցան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքի «Արմաշ» երգչախումբը Թորգոմ վրդ. Տոնոյանի ղեկավարությամբ և «Կռունկ» երգչախումբը խմբավար դոկտ. Էդուարդ Թորիկյանի մասնակցությամբ:

«Հայոց ցեղասպանության լուսաբանումը արտասահմանյան մամուլի առաջին էջերին» ժամանակավոր ցուցադրության բացմանը ներկա էին լիբանանահայ համայնքի հոգևոր և աշխարհիկ առաջնորդները, գաղութի պատկան մարմինների և համայնքի ներկայացուցիչները, այլ հրավիրյալներ:

Ցուցադրության մեջ ներառնված են 1860-1922 թթ. ռուսական, ամերիկյան, իտալական, ֆրանսիական, բրիտանական շուրջ 70 պարբերականներ, որոնց առաջին էջերին անդրադարձ է եղել հայկական կոտորածներին ու դրանց հետևանքներին:

Կիրակնօրյա պատարագի ընթացքում այցելուներն առիթ ունեցան ծանոթանալու Հայոց ցեղասպանությունը հաստատող այս արժեքավոր վավերագրերին:

2012 թ. ընթացքում ՀՑԹԻ Հայոց ցեղասպանությանն առնչվող այլ թեմաներով ժամանակավոր ցուցադրություններ է կազմակերպելու Լիբանանում, Դանիայում, Շվեդիայում և ԱՄՆ-ում: