20 մայիսի 2004 - 19:02 AMT
ԹՈՒՐՔԻԱՆ ՄԻԱԿ ԵՐԿԻՐԸ ՉԷ, ՈՐԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԻՐԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԳԱԶ ԱՌԱՔԵԼ ԵՎՐՈՊԱ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԻԻՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ
Թուրքիան միակ երկիրը չէ, որի տարածքով Իրանը մտադիր է գազ արտահանել Եվրոպա: Այդ մասին հայտարարել է Իրանի գազի ազգային ընկերության ներկայացուցիչ Մոհամմադ Հասան Մոջարադը` նշելով, որ Թուրքիայի տարածքը Մերձավոր Արեւելք եւ Եվրոպա գազի արտահանման չորս ուղիներից մեկն է միայն: Նա չի մանրամասնել, թե ինչ այլ ուղիներ նկատի ունի, սակայն, ինչպես հաղորդում է «Իրան.ռու»-ն, ակնհայտ է, որ դրանցից մեկը կարող է անցնել Հայաստանով, որի հետ օրերս Իրանը համաձայնագիր է ստորագրել գազատարի շինարարության վերաբերյալ: Իրանի համար, հայտարարել է Հասան Մոջարադը, գազի արտահանման ուղու ընտրությունը մեծապես կախված է այն երկրների քաղաքական կայունությունից, որոնց տարածքով կիրականացվի գազի առաքումը, ինչպես նաեւ գազատարների շինարարության ապագա նախագծերի գնային արդյունավետությունից: