2 մայիսի 2012 - 16:06 AMT
Չեխիայում ՀՀ դեսպանը Կարլով համալսարանի ուսանողներին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականությունը

Ապրիլի 30-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն այցելել է Պրահայի Կարլով համալսարան՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին դասախոսություն կարդալու նպատակով: Հրավերը կազմակերպել էին համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետի միջազգային հետազոտությունների ինստիտուտի դասախոս, Հարավային Կովկասի խնդիրների պատասխանատու դոկտոր Սլավոմիր Հորակը՝ Կենտրոնական Եվրոպայի, Բալկանների և Եվրասիայի դիվանագիտական սեմինարի շրջանակներում:

Դեսպան Սեյրանյանը ԲՈՒՀ-ի ուսանողներին եւ պրոֆեսորադասախոսական կազմի երկու տասնյակից ավելի անդամներին և Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչներին հանգամանալից ներկայացրեց հայ-չեխական երկկողմ հարաբերությունների ընթացքը, Հայաստան-ԵՄ հարաբերությունները, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջի զարգացումները:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց դասախոսությունները դարձնել պարբերական: Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանեց ներկաների հարցերին: