Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սգո միջոցառումներ են տեղի ունեցել Կիպրոսում

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սգո միջոցառումներ են տեղի ունեցել Կիպրոսում

PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ից Հայոց ցեղասպանության կիպրոսյան հանձնախմբի նախաձեռնությամբ մեկնարկել է Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ապրիլի 23-ին Նիկոսիայի կենտրոնական փողոցներից մեկում տեղի ունեցավ երիտասարդության քայլարշավ: Մեծ Եղեռնի նահատակների հուշահամալիրի առջև տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն կաթողիկոսական թեմի փոխանորդ Գերաշնորհ Տեր Վարուժան արք. Հերեկելյանի գլխավորությամբ:

Կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանն իր պատգամի մեջ շեշտեց, որ Հայոց ցեղասպանության հետևանքները դեռևս չեն վերացել և հանցագործությունը մնացել է անպատիժ: Խոսքով հանդես եկավ Կիպրոսի խորհրդարանի նախագահ պրն. Եաննակիս Օմիրուն, ով հայտնեց, որ ցավով, միաժամանակ հարգանքով ու խոր զգացումներով է մասնակցում Հայոց ցեղասպանության 97-րդ ամյակի ոգեկոչման հանդիսությանը: Նա շեշտեց, որ Կիպրոսի Հանրապետության և Հունաստանի խորհրդարաններն առաջիններից էին, որ աջակցեցին Հայոց ցեղասպանության արդար պահանջի ճանաչմանը՝ դատապարտելով թուրքական ոճրագործությունը և պահանջելով միջազգային ճանաչում:

Արարողությունն ավարտվեց Սբ. Աստվածածին եկեղեցու երգչախմբի ելույթով, որից հետո տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղում խորհրդարանի անդամների, դեսպանների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:

Ապրիլի 24-ին տեղի ունեցավ Սուրբ պատարագ և հոգեհանգիստ Սբ. Աստվածածին եկեղեցում` նվիրված 1.5 միլիոն նահատակների անմահ հիշատակին:

Ապրիլի 26-ին կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ պրն. Վարդգես Մահտեսյանն ելույթ ունեցավ Կիպրոսի խորհրդարանում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---