Երևանի քաղաքապետը շրջել է Կենտրոն վարչական շրջանում

Երևանի քաղաքապետը շրջել է Կենտրոն վարչական շրջանում

PanARMENIAN.Net - Կենտրոն վարչական շրջան աշխատանքային շրջայցի ընթացքում Տարոն Մարգարյանը ծանոթացել է քաղաքապետարանի 2012թ-ի ծրագրերով Կենտրոն վարչական շրջանում կատարվող բարեկարգման և կանաչապատման աշխատանքներին: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխացմամբ` վարչական շրջանի պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել բակային տարածքներում և բազմաբնակարան շենքերի մուտքերում իրականացվող բարեկարգման համալիր աշխատանքների արդյունքները, ընթացքն ու նախատեսվող ծրագրերը:

Շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը Կենտրոնի բնակիչների հետ միասին գնահատել է այս տարվա ծրագրով արդեն բարեկարգված բակերը: Քաղաքապետը` ներկայացնելով քաղաքապետարանի ծրագրերն ու իր մոտեցումները, վստահեցրել է, որ քաղաքապետարանի նախաձեռնած «Բարեկարգ Երևան» ծրագրի շրջանակում առաջիկա տարիների ընթացքում կբարեկարգվեն երևանյան բոլոր բակերը:

«Մեր դիրքորոշումը հստակ է. Երևանը պետք է համաչափ զարգանա և, անկախ վարչական շրջանի տեղակայման դիրքից, երևանցին պետք է իրեն զգա մայրաքաղաքի լիարժեք բնակիչ: Բարեկարգ, հարմարավետ, խնամված ու խաղահրապարակներով կահավորված բակերը ևս այդ նպատակի բաղադրիչն են: Կարող եմ վստահեցնել, որ մի քանի տարիների ընթացքում կբարեկարգենք բոլոր բակային տարածքները»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետին զեկուցվել է, որ վարչական շրջանում բակերի բարեկարգմանը զուգահեռ նաև բազմաբնակարան շենքերի տանիքների և շքամուտքերի նորոգման աշխատանքներ են ընթանում: Տարոն Մարգարյանը հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել իրականացվող աշխատանքների ընթացքն ու դրանք ավարտել սահմանված ժամկետներում:

Քաղաքապետի հետ հանդիպման ընթացքում բնակիչները բարձրաձայնել են բակային տարածքներում ոռոգման ցանց ունենալու խնդրի մասին:

«Բակային տարածքների ոռոգման խնդիրներ կան ոչ միայն Կենտրոնում, այլ նաև մյուս վարչական շրջաններում: Այս տարի նախատեսել ենք 16 կմ ոռոգման նոր ցանց անցկացնել և հաշվի առնելով մեր բնակիչների խնդրանքը, վերանայել ենք ոռոգման ծրագիրն ու արդեն այս տարի որոշ բակային տարածքներ ընդգրկել ենք ծրագրում», - ասել է Տարոն Մարգարյանը:

Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուները շրջայցի շրջանակում քաղաքապետին են ներկայացրել նաև Տերյան 62 ու Աղայան 9 և Աբովյան 19 շենքերի լիարժեք բարեկարգված բակերը: Շրջայցի վերջում քաղաքապետը եղևնի է տնկել Աղայան 9 և Աբովյան 19 շենքերի բարեկարգված բակում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---