3 մայիսի 2012 - 12:30 AMT
Նիկոլյա Սարկոզիի և Ֆրանսուա Օլանդի հեռուստամենամարտն ավարտվեց ոչ ոքիով

Մայիսի 2-ի երեկոյան տեղի ունեցավ Ֆրանսիայի նախագահի թեկնածուներ Նիկոլյա Սարկոզիի և Ֆրանսուա Օլանդի հեռուստաբանավեճը: Նախօրեին փորձագետները նշում էին, որ Սարկոզին երկրորդ տուրում հաղթելու համար մրցակցի հետ ուղիղ բանավեճում պետք է վճռորոշ առավելության հասենր, սակայն դա տեղի չունեցավ, նշում է dpa գործակալությունը:

Երեք ժամ տևած բանավեճի գլխավոր թեմաներն էին տնտեսական վիճակը, ճգնաժամը եվրոյի գոտում, միգրացիայի խնդիրները, վերաբերմունքը իսլամի հանդեպ: Բանավեճը անսպասելի սուր է ստացվել: Վերջին վառ բանավեճը տեղի էր ունեցել 1988թ. Ֆրանսուա Միտերանի և Ժակ Շիրակի միջև:

Բանավեճի ընթացքում նախագահության թեկնածուները որպես օրինակ բերում էին Գերմանիան: Օլանդը կողմ էր պետության դերի բարձրացմանը, Սարկոզին՝ տնտեսական լիբերալիզմին՝ երկուսն էլ հղում էին անում գերմանական փորձին: «Գերմանիան Ձեր ասածի ճիշտ հակառակն է անում»,-հանդիմանեց Սարկոզին Օլանդին:

Վերջին հարցումների արդյուքներով Օլանդը առաջ է անցնում Սարկոզիից 7-8 տոկոսով: