3 մայիսի 2012 - 15:28 AMT
Ռուբեն Հակոբյան. «Ժառանգության» դեմ դավեր են նյութում միջկուսակցական շտաբի անդամ կուսակցությունները

Այժմ քաղաքական դաշտում կուսակցությունների մի խումք է ձևավորվել, որոնք «Ժառանգության» դեմ ընդհանուր պայքարի հստակ մարտավարություն են որդեգրել: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Ըստ նրա, պատճառն այն է, որ «Ժառանգությունը» չանդամակցեց միջկուսակցական շտաբին, որի նպատակն է կոծկել ԲՀԿ հակաօրինական գործողությունները:

Հակոբյանը նշել է, որ երկրում իրավիճակի համար պատասխանատու են բոլոր 3 կոալիցիոն կուսակցությունները և «Ժառանագության» նպատակն է հեռացնել իշխանությունից նրանց երեքին:

Հակոբյանին զարմացնում է Հայ ազգային կոնգրեսի և կոալիցիոն «Բարգավաճ Հայաստանի» համագործակցությունը: Ըստ նրա, իր համար հասկանալի է ՀՅԴ և «Ժառանգության» համագործակցությունը, քանի որ «ի վերջո Ռոբերտ Քոչարյանը միասնական թեկնածու էր, չեմ կարծում, թե այսօր ինչ-որ մեկին պետք է բացատրել կամ ապացուցել, որ Ռոբերտ Քոչարյանը կապ չունի ԲՀԿ հետ կամ քաղաքական գործընթացներից դուրս է:

Հակոբյանը նաև հեգնանքով նշել է, որ որոշ ԶԼՄ-ներ, որ վերահսկվում են այդ քաղաքական ուժերի կողմից, այժմ ավելի շատ զբաղված են «Ժառանագության» քննադատությամբ, քան նախընտրական քարոզարշավով:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):