3 մայիսի 2012 - 15:31 AMT
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր տնօրենը հանդես են եկել համատեղ ուղերձով

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը և ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ տարածել են համատեղ ուղերձ:

«Խոսքի ազատությունը մեր ամենաթանկ իրավունքներից մեկն է: Այն ամրապնդում է ցանկացած այլ ազատություն և հիմք է հանդիսանում մարդկային արժանապատվության համար: Վերջինիս իրականացման գործում կենսական նշանակություն ունի ազատ, բազմակարծիք և անկախ մամուլի գոյությունը»,- նշված է ուղերձում:

Նրանք գրում են, որ Արաբական աշխարհում տեղի ունեցած փոփոխությունը ցույց է տվել իրավունքներ ձեռք բերելու ձգտման ուժը` նոր ու հին լրատվամիջոցների միավորման արդյունքում: Մամուլի նորահայտ ազատությունը խոստանում է վերափոխել հասարակությունը առավել թափանցիկության և պատասխանատվության միջոցով: Այն հաղորդակցվելու և տեղեկատվություն ու գիտելիքներ տարածելու նոր ուղիներ է բացելու: Ազդեցիկ նոր ձայն է բարձրանում հատկապես երիտասարդության շրջանում, ովքեր լուռ էին նախկինում: Ահա, թե ինչու այս տարվա Մամուլի ազատության համաշխարհային օրը կենտրոնացած է «Նոր Ձայներ. Մամուլի ազատությունը` որպես հասարակությունների վերափոխման խթանիչ» թեմայի վրա:

Մամուլի ազատությունը նաև սաստիկ ճնշումների է ենթարկվում ամբողջ աշխարհում: Անցյալ տարի ՅՈՒՆԵՍԿՕ–ն դատապարտեց 62 լրագրողների սպանությունը, որոնք զոհվեցին իրենց աշխատանքը կատարելու արդյունքում: Վերոնշյալ լրագրողները չպետք է մոռացության մատնվեն, իսկ այդ հանցագործությունները` մնան անպատիժ:

«Մամուլի ազատության համաշխարհային օրը մեզ հնարավորություն է ընձեռում նպաստելու մամուլի ազատության ամրապնդմանը: Մենք կոչ ենք անում պետություններին, արհեստավարժ լրատվամիջոցներին և հասարակական կազմակերպություններին ամենուրեք միավորելու ուժերը Միավորված ազգերի կազմակերպության հետ` խթանելու էլեկտրոնային և առցանց արտահայտման ազատությունը` միջազգայնորեն ընդունված սկզբունքներին համաձայն: Սա անհատական իրավունքների սյուն է` առողջ հասարակությունների ձևավորման հիմք և սոցիալական վերափոխման ուժ»: