Երևանում մեկնարկել է աշխարհի ամենամեծ ուսանողական ցանցի նախաձեռնած «Բարև աշխարհ» նախագիծը

Երևանում մեկնարկել է աշխարհի ամենամեծ ուսանողական ցանցի նախաձեռնած «Բարև աշխարհ» նախագիծը

PanARMENIAN.Net - Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանում կազմակերպված միջազգային տոնավաճառով այսօր Երևանում մեկնարկել է AIESEC-ի (Association Internationale des Etudiants en Sciences Economiques et Commerciales)` աշխարհի ամենամեծ ուսանողական ցանցի նախաձեռնած «Բարև աշխարհ» նախագիծը, որը կտևի մեկ ամիս և որի շրջանակներում 11 տարբեր երկրներից Հայաստան ժամանած 17 արտասահմանցի կամավորները կարիերայի ուղղորդման և կողմնորոշման, սոցիալական հմտությունների զարգացման, հաղորդակցման և միջմշակութային հաղորդակցման կրթական սեմինարներ կանցկացնեն Երևանի, Գյումրու և Վանաձորի մի շարք դպրոցներում:

Աշակերտների համար կկազմակերպվեն նաև անգլերենի երկշաբաթյա դասընթացներ` յուրաքաչյուր օր մեկ ժամ տևողությամբ: Նախատեսվում է, որ տարբեր սեմինարների կմասնակցեն 300-ից ավելի աշակերտներ:

Նախագիծը ներառում է նաև սեմինարներ Հայաստան ժամանած կամավորների համար հայ ուսանողների կողմից, որոնք կօգնեն իրենց արտասահմանցի ընկերներին ավելի լավ ճանաչել Հայաստանը,ծանոթանալ Հայաստանի մշակույթին և պատմությանը:

Այսօր կազմակերպված տոնավաճառի ժամանակ տարբեր երկրներից ժամանած մասնակիցները, ինչպես նաև հայ ուսանողներն առանձին տաղավարներում ներկայացնում էին իրենց երկիրն ու մշակույթը` յուրաքանչյուրը փորձելով լինել ավելի հետաքրքիր, բազմաժանր ու հիշարժան:

«Բարև Աշխարհ» նախագծին հատկացված օժանդակությունն իրականացվում է Orange Հիմնադրամի կողմից այս տարի մեկնարկած հատուկ նախագծի շրջանակում, որի նպատակն է հնարավորություն տալ Orange Արմենիա ընկերության աշխատակիցներին հանդես գալ բարեգործական ծրագրերի նախաձեռնությամբ: Ծրագրի իրականացման համար Orange Հիմնադրամը տրամադրել է 3 000 000 դրամ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---