Շվեդիայում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանությունը և Սկանդինավյան արձագանքը» ցուցահանդեսը

Շվեդիայում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանությունը և Սկանդինավյան արձագանքը» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - 2012թ. ապրիլի 23-27-ը Ստոկհոլմի կաթոլիկ տաճարի սրահում Շվեդիայի հայկական ընկերակցությունների միությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ ներկայացրեց «Հայոց ցեղասպանությունը և Սկանդինավյան արձագանքը» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությունը:

Ցուցադրությունն առաջին անգամ 2011թ. ապրիլին ներկայացվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում` աշխարհահռչակ նորվեգացի բևեռախույզ, մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ:

2011թ. պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Շվեդիայի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև 2011թ. ընթացքում Սկանդինավյան երկրներից ժամանած բազմաթիվ զբոսաշրջիկներ ծանոթացել են ցուցադրության բովանդակությանը:

Ստոկհոլմում բացված ցուցադրությունը բաղկացած էր 11 հիմնական, ինչպես նաև 6 նոր ցուցատախտակներից, որոնք ներկայացնում են սկանդինավյան դիվանագետների, քաղաքական գործիչների և միսիոներների գործունեությունը Հայոց ցեղասպանության ընթացքում: Հավելյալ ցուցատախտակներում ներկայացվեցին Կոստանդնուպոլսում Շվեդիայի դեսպանատնից ուղարկված 12 դիվանագիտական զեկույցներ` որոնցում տեղեկություններ են հաղորդվում հայ ժողովրդի բնաջնջման մասին:

Ցուցադրություն այցելել է 400-ից 500 այցելու, ցուցադրությանն անդրադարձել են շվեդական հետևյալ երեք հեղինակավոր թերթերը` «Svenska Dagbladet», «Dagen» և «Världen idagy»:

«Հայոց ցեղասպանությունը և Սկանդինավյան արձագանքը» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությունը ներկայացվելու է Շվեդիայի տարբեր քաղաքներում, ցուցադրվելու է տարբեր գրադարաններում, համալսարաններում և այլ հասարակական վայրերում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---