ՀՅԴ Գերագույն խորհրդի ներկայացուցիչները հանդիպել են գործարարների հետ

ՀՅԴ Գերագույն խորհրդի ներկայացուցիչները հանդիպել են գործարարների հետ

PanARMENIAN.Net - Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը իր նախընտրական քարոզարշավը եզրափակեց գործարարների հետ հանդիպումով: Հանդիպման ընթացքում ՀՅԴ պատգամավորները կուսակցության հետ համագործակցած, համագործակցող կամ ապագայում համագործակցելու մտադրություն ունեցող գործարարներին ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթները:

ՀՅԴ ընտրացուցակի առաջին համար Վահան Հովհաննիսյանը ողջունելով հավաքվածներին խոսեց տնտեսության ոլորտում բիզնեսի մեծ դերի մասին. «Տեղական բիզնեսը այն հիմնական ողնաշարն է, որը կարող է հենք հանդիսանալ Հայաստանի առաջընթացի համար»,-ասաց Վահան Հովհաննիսյանը և ավելացրեց. «Ի սկզբանե մենք ենք զգացել և առաջ քաշել արտերկրից արվող ներդրումների կարևորությունն ու անհրաժեշտությունը և դա միայն ՀՅԴ-ն կարող է անել, քանի որ մենք ունենք արևմտյան երկրների հետ աշխատելու կուլտուրա և որովհետև մյուսները եղել են, կամ կան իշխանության մեջ և չեն կարողացել դա անել»:

ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանը ներկայացրեց կուսակցության բիզնես-տնտեսական ծրագրերը, որի համաձայն Հայաստանում պետք է կառուցել նոր տնտեսական մոդել: «Հայաստանում գոյության ունի երկու տնտեսություն. վիրտուալ, որը ներկայացվում է հիմնականում գործադիր մարմինների փաստաթղթերում, և իրական խնդիրներով լի համակարգ, որոնց լուծումը վերոհիշյալ փաստաթղթերը չեն տալիս»,- նշեց Արա Նռանյանը:

«Մենք առաջարկում ենք ՀՀ-ում կառուցել նոր տնտեսություն: Ներկա տնտեսության կոսմետիկ բարեփոխումների դեպքում անգամ հնարավոր չէ լուծել երկրի առջև ծառացած հիմնախնդիրները: Այս տնտեսությունը ի վիճակի չէ մեր համար հիմնական խնդիր հանդիսացող աշխատատեղերի, ներդրումների ներգրավման և մրցունակության ապահովման հարցերին լուծում տալ: Այդ իսկ պատճառով ՀՅԴ-ի տնտեսական զարգացման ծրագիրն առաջարկում է ՀՀ-ում կառուցել նոր տնտեսական մոդել, որը զերծ կլինի վիրտուալությունից, կհամապատասխանի ժամանակակից միջազգային չափանիշներին և նկատի կունենա ՀՀ հնարավորությանները ու այն մարտահրավերները, որոնք կանգնած են մեր առաջ»,- նշեց Արա Նռանյանը:

Վահան Հովհաննիսյանը, խոսելով իրենց առաջարկած տնտեսական կուլտուրայից ասաց, որ անկախ կուսակցական պատկանելությունից, որպես Կենտրոնի բնակիչ կցանկանա, որ կենտրոն համայնքում մեծամասնական ընտրություններում հաղթի Գարեգին Նուշիկյանը, քանի որ նա ավելի է համապատասխանում այդ կուլտուրային:

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը ներկայացրեց Դաշնակցության կողմից տնտեսության ոլորտում առաջարկվող փոփոխությունները, որոնց կիրառման դեպքում արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, ՏՏ, դրամավարկային քաղաքականության և այլ ոլորտները կզարգանան:

Հանդիպման վերջում իրենց կարծիքներով և առաջարկություններով կիսվեցին նաև հանդիպմանը ներկա գործարարները:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---