Քաղաքապետը շնորհավորել է դպրոցական առարկայական օլիմպիադայի 2011-2012 ուս. տարվա հաղթողներին

Քաղաքապետը շնորհավորել է դպրոցական առարկայական օլիմպիադայի 2011-2012 ուս. տարվա հաղթողներին

PanARMENIAN.Net - Ուսման որակի բարձրացման նպատակով անցկացվող արդեն ավանդական դարձած դպրոցականների 15-րդ առարկայական օլիմպիադայի 2011-2012 ուսումնական տարվա քաղաքային փուլի մասնակից 1575 աշակերտներից հաղթող են ճանաչվել 61-ը:

Երևանի քաղաքապետարանում կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը և աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հաղթողներին են հանձնել Երևանի քաղաքապետի առաջին կարգի դիպլոմներ և հուշանվերներ, ինչպես նաև Եղիշե Չարենցի «Վերջին խոսք» ստեղծագործությունների ընտրանին, որտեղ ներառված են Չարենցի անտիպ գործերը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ գիրքը հրատարակվել է ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մեկենասությամբ: Ողջունելով օլիմպիադայի հաղթողներին` Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը փաստել է, որ տարեցտարի մայրաքաղաքում ավելանում է դպրոցականների առարկայական օլիմպիադայի մասնակիցների թիվը. «Երեխաների համար սա ավելի լավ սովորելու, դեպի առաջ գնալու, օլիմպիականի կոչմանն արժանանալու լուրջ խթան է:

Հուշանվերներից բացի աշակերտներն իրենց հետ տարել են նաև Երևանի քաղաքապետի ջերմ ու անկեղծ բարեմաղթանքները, որում ասված է. «Իմ օլիմպիական բարեկամ, Եղիշե Չարենցի «Տաղ ձոնված խիզախ ճանապարհորդի» ստեղծագործության այս տողերը թող լինեն քեզ ուղենիշ: Հեքիաթային ու բարձր մեծագործության ճանապարհ ես ընտրել, ընթացիր, գնա քո ուղին, անվհատ թող լինի հոգիդ: Քո ապագայի համար նախանձախնդիր` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան»:

Քաղաքային փուլի հաղթողները Երևանը կներկայացնեն նաև հանրապետական փուլում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---