3 մայիսի 2012 - 17:22 AMT
Երևանում ելույթ կունենա անվանի դաշնակահար Բորիս Բերմանը

Մայիսի 4-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա աշխարհահռչակ դաշնակահար, Յեյլի համալսարանի դաշնամուրային ֆակուլտետի ղեկավար Բորիս Բերմանի մենահամերգը: Դաշնակահարը կատարելու է Կ.Դեբյուսիի Պրելյուդներ (երկրորդ գիրք), Ա. Սկրյաբինի Սոնատ N.7, Սոնատ N.9 և Ս. Պրոկոֆևի «Սարկազմներ» ստեղծագործությունները:

Իր արտիստական գործունեությամբ աշխարհի մոտ 50 երկրներում հայտնի Բորիս Բերմանը ստեղծագործական գործունեությունը սկսել է Մոսկվայում, որտեղ ավարտել է Չայկովսկու անվան կոնսերվատորիան (պրոֆ.Լև Օբորինի դաս): Որպես մենակատար, նաև տարբեր կամերային անսամբլների կազմում շրջագայել է նախկին Խորհրդային Միության ողջ տարածքով: 1973-ին Բերմանը մեկնել է Իսրայել՝ մշտական բնակության, որտեղ կարճ ժամանակում դարձել է երկրի ամենաազդեցիկ երաժիշտներից մեկը: Ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում, որտեղ հիմնում է մի շարք երաժշտական փառատոներ, զբաղվում մանկավարժական և ակտիվ համերգային գործունեությամբ:

Բերմանը կամերային երաժշտության փայլուն գիտակ է. ելույթ է ունեցել աշխարհահռչակ երաժիշտներ Միշա Մայսկու, Հայնց Հոլիգերի, Շմոլո Մինցի, Քլոդ Ֆրանկի, Նատալյա Գուտմանի հետ: Մի շարք հեղինակավոր նվագախմբերի հետ համերգային շրջագայությունները (Թագավորական Կոնցետգեբաու, Լոնդոնի Ֆիլհարմոնիա, Տորոնտո Սիմֆընի, Իսրայելի Ֆիլհարմոնիկ, Սանկտ-Պետերբուրգի Ֆիլհարմոնիկ և այլն) մեծ արձագանք են գտել մամուլում՝ երաժշտաքննադատների կողմից արժանանալով բարձր գնահատանքի: Հանրահայտ ձայնագրման ստուդիաների հետ համագործակցությունը (Philips, Deutsche Grammophon, Melodia) արժանահիշատակ է մի շարք ձայներիզների թողարկմամբ, այդ թվում՝ Ալեքսանդր Սկրյաբինի դաշնամուրային սոնատները, Դ.Շոստակովիչի դաշնամուրային ստեղծագործությունները, իսկ Թագավորական Կոնցերտգեբաու նվագախմբի հետ (Նեեմե Յարվիի ղեկավարությամբ) Ս.Պրոկոֆևի 3 դաշնամուրային կոնցերտների ձայնագրությունը սկիզբը հանդիսացավ Պրոկոֆևի դաշնամուրային ստեղծագործությունների ձայնագրման հավակնոտ նախագծի:

Բերմանի՝ որպես ժամանակաշրջանի մեծագույն երաժշտի, կենսագրությունն ամբողջացնում է իր մանկավարժական գործունեությունը: Բազմաթիվ հայտնի երաժիշտներ կրթած դաշնակահարը համաշխարհային հռչակ է ձեռք բերել իր վարպետության դասերով՝ տարբեր ժամանակներում աշխատելով Ինդիանայի, Բոստոնի, Թել Ավիվի համալսարաններում: Ներկայումս ղեկավարում է Յեյլի համալսարանի դաշնամուրային ֆակուլտետը:

Ելույթը տեղի է ունենալու «Ազգային պատկերասրահ» փառատոնի շրջանակում: