Նարեկ Հարթունյանի գործով վկաների ցուցմունքները հակասական են

Նարեկ Հարթունյանի գործով վկաների ցուցմունքները հակասական են

PanARMENIAN.Net - Այսօր Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Նարեկ Հարթունյանի գործով դատական նիստը, որի ընթացքում պետք է հարցաքննվեին առաջին հինգ վկաները: Դատական նիստի դատավոր Ալեքսանդր Ազարյանը ներկայացրել է վկաների իրավունքներն ու պարտականությունները: Հարթունյան ընտանիքի մամուլի պատասխանատու Մարիամ Մուղդուսյանի փոխանցմամբ`ցուցմունք է տվել «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության նախկին գանձապահ Աստղիկ Գրիգորյանը: Նա հաստատել է, որ այն ժամանակահատվածում, երբ ընկերությունում չարաշահումներ եղել են, այն փաստացի ղեկավարել է Սևակ Արզարունին:

Ընկերության նախկին տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանի ցուցմունքի հակասականությունը նկատել է անգամ դատախազ Բագրատ Պետրոսյանը: Դատախազը մեջբերել է Արտյոմ Մարտիրոսյանի դիմումից հատվածներ, որոնք չէին համապատասխանում դատարանում տրված ցուցմունքին: Ի դեպ, Նարեկ Հարթունյանի կալանավորման որոշումը կայացվել էր հենց այս դիմումի ու ցուցմունքի հիման վրա:

«Թեև վկան փորձում էր շեղել իրենից սլաքը դեպի Նարեկը, սակայն նա պարզապես չէր կարող չիմանալ այն խախտումների մասին, որոնք ենթադրենք եղել են: Ոչ փաստացի, ոչ էլ իրավաբանորեն Նարեկը չի կառավարել ընկերությունը, իրավաբանական կապ չի ունեցել ընկերության հետ: Միակ կապն այն է, որ նա սեփականատիրոջ` Գարաբեդ Հարությունյանի կրտսեր որդին է»- ասել է Հարթունյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Բոլոր փաստաթղթերում առկա է Արտյոմ Մարտիրոսյանի ստորագրությունը, սակայն վերջինս հավաստիացնում է, թե չի իմացել` ինչ է ստորագրում:

Ակնկալվում էր նաև Սևակ Արզարունու հարցաքննումը, սակայն ամբաստանյալներից Արթուր Գալստյանն իրեն վատ է զգացել, և դատավորը որոշեց դատական նիստը հետաձգել և նշանակել այն մայիսի 7-ին` ժամը 12-ին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---