4 մայիսի 2012 - 09:58 AMT
«Ժողովուրդ». ՕԵԿ-ը 100.000 ընտրակաշառք-հեռախոս է ներկրել

«Ժողովուրդը» գրում է, որ չնայած «Օրինաց երկիր» կուսակցության ինտենսիվ հերքումներին, իրենց տեղեկություններ են հասել, որ ՕԵԿ-ը վերջերս մոտ 100.000 հեռախոս է ներկրել ՀՀ: Ըստ լավատեղյակ աղբյուրների` բջջային հեռախոսները Հայաստան են բերվել առաջիկայում մարդկանց որպես ընտրակաշառք բաժանելու համար (ՕԵԿ գրասենյակներում վաղուց սկսվել է հեռախոսների հերթագրումը անձնագրերով): «Ուշագրավն այն է, որ կուսակցությունը հեռախոսները ներկրում է Դուբայից` մի քաղաքից, որտեղ, ինչպես ժամանակին ՕԵԿ-ականներն էին խոստովանել, մեկնել էին կուսակցական բջիջ ստեղծելու համար: Փաստորեն, հիմա այդ բջիջները սկսել են բավականին ակտիվ աշխատել, ավելին, օգնություն են ցուցաբերում»,- գրում է «Ժողովուրդը»: ՕԵԿ-ից, ինչպես և սպասում էր թերթը, հերքել են այս լուրերը` հավելելով, որ դրանք հերյուրանքներ են: