4 մայիսի 2012 - 14:49 AMT
Էդվարդ Նալբանդյան. Ոչ միայն Հայաստանի համար է դժվար ընդհանուր լեզու գտնել Թուրքիայի հետ

Այսօր Երևանում տեղի է ունեցել ՀՀ և Ուրուգվայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Լուիս Ալմագրոյի համատեղ մամլո ասուլիսը: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես կարելի է մեկնաբանել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի այն հայտարարությունը, թե Թուրքիայի համար դժվար է բանակցել իր որոշ հարևանների հետ՝ ԱԳ նախարար Նալբանդյանն ասել է, որ, Թուրքիան խնդիրներ ունի ոչ թե իր 3, ինչպես պնդում են Անկարայում, այլ առնվազն վեց հարևանների հետ, որոնցից երկուսի հետ դիվանագիտական հարաբերությունները բացակայում են:

«Նրանք միայն խորացնում են խնդիրները հարևանների հետ: Մենք սեփական փորձից գիտենք, որ թուրքական իշխանությունների հետ շատ դժվար է ընդհանուր լեզու գտնել: Չնայած դրան, մենք հաջողության հասանք Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման հարցում, սակայն, ինչպես հայտնի է, նույնիսկ ստորագրելով արձանագրությունները, Թուրքիան հրաժարվեց վավերացնել դրանք»,-ասել է Նալբանդյանը:

2011թ. օգոստոսին Հայ-թուրքական արձանագրությունները հանվեցին Թուրքիայի խորհրդարանի օրակարգից, քանի որ չէին վավերացվել մեկ գումարման ընթացքում: Հոկտեմբերին Թուրքիայի վարչապետը կրկին վերադարձրեց փաստաթղթերը օրակարգ, սակայն վավերացման ժամկետները հայտնի չեն: