4 մայիսի 2012 - 15:50 AMT
Միջկուսակցական շտաբ. Կոալիցիաների մասին հնարավոր կլինի խոսել միայն ընտրություններից հետո

ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացուցիչները, որոնք ՀԱԿ-ի հետ միասին մտնում են ընտրակեղծիքների դեմ պայքարի միջկուսակցական շտաբի մեջ, հստակ պատասխան չեն տվել ապագա խորհրդարանում հնարավոր կոալիցիայի մասին, ընդգծելով, որ քանի դեռ արդյունքները չեն ստացվել, այդ մասին խոսելը դեռ վաղ է:

ԱԳ նախկին նախարար և ԲՀԿ 2-րդ համար Վարդան Օսկանյանը ընդգծել է, որ հնարավոր կոալիցիաները կախված կլինեն ընտրությունների արդյունքներից:

Ընդ որում, նա ընդգծել է, որ կոալիցիաները չպետք է լուծեն օրինականության և կայունության պահպանման խնդիրը, այլ պետք է լուծեն քաղաքական հարցեր: «Մենք պետք է հրաժարվենք իմիտացիաներից բոլոր ոլորտներում և ԲՀԿ-ն պատրաստ է այս հարցում համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ»,-հայտարարել է նա:

Իր հերթին ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ և ընտրացուցակի երկրորդ համար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ կոալիցիաները պետք է ձևավորվեն բնական ճանապարհով, և մեծամասնություն վայելող քաղաքական ուժը պետք է ինքնուրույն ձևավորի կառավարություն և միայնակ կրի պատասխանատվությունը»,-նկատել է նա:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի հետ հնարավոր կոալիցիային, Ռուստամյանը նշել է, որ կոալիցիայի անդամների հայացքները պետք է համընկնեն, ինչը չկա ՀՀԿ և Դաշնակցության պարագայում, և անգամ հակառակը, որոշ հարցերում նրանց հայացքները հակասում են իրար:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):