Սարգիս Գրիգորյան. Ադրբեջանի կողմից հայկական գյուղի գնդակոծումը ահաբեկչության դրսևորում է

Սարգիս Գրիգորյան. Ադրբեջանի կողմից հայկական գյուղի գնդակոծումը ահաբեկչության դրսևորում է

PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում իսլամական ահաբեկչության ոլորտի փորձագետ Սարգիս Գրիգորյանը, մեկնաբանելով վերջին միջադեպը Տավուշում, հայտարարել է, որ «ցանկացած նպատակաուղղված հարձակում խաղաղ բնակիչների վրա ահաբեկչություն է»: Նրա խոսքով` Ադրբեջանն ի սկզբանե ցանկացել է պատերազմին կրոնական բնույթ հաղորդել, բայց դա նրան չհաջողվեց, չնայած առանձին ահաբեկչական խմբավորումներ հայերի դեմ ռազմական գործողություններ էին ծավալում:

Գրիգորյանը նշել է, որ ինքնին Ադրբեջանում իսլամական ակտիվությունը նկատելի էր արդեն 90-ական թվականներին, բայց համապատասխան առաջընթաց չստացավ, քանի որ Ադրբեջանի վերնախավը դժվարությամբ է ընդունում ծայրահեղ իսլամիստական գաղափարները: Բացի դրանից, այդ ուղղությունները դաժանորեն ճնշվել են կառավարության կողմից, որն իր իշխանությունը կորցնելու մտավախություն ունի:

Ապրիլի 25-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիս-արևելյան հատվածում արձանագրվել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպք: Ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրազենային զենքերից գնդակոծվել էին Տավուշի մարզի Դովեղ գյուղի պաշտպանական դիրքերը, կրակոցներ էին արձակվել գյուղի ուղղությամբ: Վնասվել էր գյուղի մանկապարտեզը և մանկապարտեզի մոտ կայանած «Գազ 53» մակնիշի ավտոմեքենան:

Անվտանգության նկատառումներից ելնելով`մանկապարտեզի սաները և անձնակազմը տարհանվել էին: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդը լռել էր: Հայկական կողմից տուժածներ և վիրավորներ չկային:

Ապրիլի 27-ին՝ ժամը 04:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ Տավուշի մարզի Այգեպար-Մովսես գյուղերի միջև ընկած ճանապարահատվածում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել վարորդը և ևս երկու պայմանագրային զինծառայողներ: Երեք զինծառայողներից ոչ մեկի կյանքը հնարավոր չի եղել փրկել:

 Ուշագրավ
Շրջանառության մեջ կդրվի սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող ԱԺ հայտարարության նախագիծ
Նա նշել է, որ հայատյացությունն ու թշնամանքի քարոզն Ադրբեջանում վերջին պատերազմից հետո դարձել են ծայրահեղական՝ ֆաշիզմի աստիճանի
«Մենք փորձում ենք ազգային դիմադրություն ձևավորել, որի կարգախոսն է՝ Ոչ Հայաստանի թրքացմանը, ոչ Արցախի հայաթափմանը»,-ասել է նա
Նա հավելել է, որ ՀՀ-ն իրավունք է վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ
---