Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պարգևատրել է մի շարք հայ մտավորականների

Սփյուռքի նախարար Հրանուշ  Հակոբյանը պարգևատրել է մի շարք հայ մտավորականների

PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Մովսես Խորենացի» մեդալ հանձնեց պոլսահայ գրող Արման Վարդանյանին, որը Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ պարգևատրվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, Հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար:

Արման Վարդանյանը հայ թատերգության մեջ «աբսուրդի դրամայի» հիմնադիրն է, մի թատերագիր, ով վաղուց ավերել է բոլոր կաղապարներն ու ստեղծել թատրոնի ու թատերգության իր տեսակը: Ութսուն տարին բոլորած ականավոր թատերագիրը հրատարակել է պիեսների հինգ ժողովածու, նրա շատ պիեսներ թարգմանվել են թուրքերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն:

Լևոն Անանյանն Արման Վարդանյանին հանձնեց Հայաստանի գրողների միության անդամության տոմս:

Հայ արձակագիր, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նորայր Ադալյանին ծննդյան 75-ամյակի առթիվ նախարար Հակոբյանը պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով:

Պարգևատրվողները շնորհակալություն հայտնեցին նման ուշադրության համար և նշեցին, որ իրենց խոսքը միշտ ցանկացել են ներկայացնել իրենց ստեղծագործություններով:

Արարողությանը ներկա էին Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, պոլսահայ թատերագիր Արման Վարդանյանը, հայ արձակագիր Նորայր Ադալյանը, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը, սփյուռքի նախարարության աշխատակիցներ և այլք:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---