Սերժ Սարգսյան. Մենք կարողացանք քաղաքական պայքարը դարձնել մրցավազք

Սերժ Սարգսյան. Մենք կարողացանք քաղաքական պայքարը դարձնել մրցավազք

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Հանրապետության հրապարակում ՀՀԿ վերջին նախընտրական հանրահավաքի ժամանակ: Նա մասնավորապես ասել է. «Անցավ քարոզարշավի մեկ ամիսը: Մեկ ամսվա ընթացքում հարյուր հազարավոր մեր քաղաքացիների հետ կրկին դեմ առ դեմ հանդիպելու բախտավորությունն եմ ունեցել: Եվ այսօր էլ պատրաստ եմ հարյուր հազար անգամ բարձրաձայն կրկնել` մենք փառահե՛ղ ժողովուրդ ենք, մենք ունենք հրաշալի՛ հայրենիք և մենք պիտի կերտենք նույնքան հրաշալի պետություն` հանուն նրա տիրոջ` Հայաստանի Հանրապետության քաղաքացու:

Այս ընտրարշավը, որն ահա մոտենում է իր տրամաբանական ավարտին, վկայում է, որ մենք անցյալում ենք թողնում օրերը, երբ քաղաքական մրցակցությունը բռնցքակռիվ էր, լավագույն դեպքում` ըմբշամարտ, իսկ իշխանության համար պայքարը` երբեմն արյունահեղ ճակատամարտ: Օրերը, երբ քաղաքական ուժերը ոչ թե խնդրում էին ժողովրդի ձայնն ու նրան ծառայելու պարտականությունը, այլ մեծամտորեն պահանջում իշխելու իրավունքը:

Մենք կարողացանք քաղաքական պայքարը դարձնել մրցավազք, երբ ժողովրդի վստահության քվեին արժանանալու հավակնություն ունեցող յուրաքանչյուրը ոչ թե մարտնչում է հակառակորդի դեմ, երբեմն էլ հենց ժողովրդի դեմ, այլ փորձում է, սեփական արժանիքների վրա հենվելով` տեղ հասնել առաջինը: Տեղ հասնել` արժանապատվությունը չկորցնելով ու հասարակության վստահությունը նվաճած:

Մենք ցույց տվեցինք, որ ամուր ենք ոչ միայն մեր բանակի մարտունակությամբ ու մարտական ոգով, այլև մեր երկրի քաղաքական կառույցով ու մեր քաղաքացիական հասարակության եռանդով: Ամուր ենք մեր մեծերի խոհեմությամբ ու մեր երիտասարդների ավյունով: Ամուր ենք մեր փոխադարձ սիրո ուժով ու մեր արյան հիշողությամբ:

Ուրիշ ոչ ոք մեր փոխարեն չի պահպանելու մեր սահմանած կանոնները: Մեր քաղաքակրթության կանոնները: Փոխադարձ հարգանքի մեր սահմանները: Ինքնե՛րս պիտի անենք: Ուրիշ ոչ ոք մեզ դատավոր չէ: Ինքներս ենք մեր դատավորը, մեր սահմանների սահմանապահն ու մեր փոխադարձ հարգանքի մշտարթուն պահապանը:

Վաղը չէ մյուս օրը դուք կատարելու եք ձեր ընտրությունը: Կարևոր է յուրաքանչյուրիդ ձայնը: Եվ այդ ձայնը լսելի է լինելու: Այս ընտրարշավը դառնալու է առանձնահատուկ իր քաղաքական պայքարի մշակույթով և հարաբերությունների որակով: Արդյունքում պիտի ասենք` մրցեցինք ու հաղթեցինք բոլորս: Հաղթեցինք ամեն գնով հաղթելու ձգտմանը ու հաղթեցինք ազգովին:

Տարիներ առաջ ես ձեզ խոստացել եմ, որ հարթելու ենք բոլոր այն անդունդները, որ մեր հասարակությունը բաժանել է մասերի:

Խոստացել եմ, որ կազմալուծելու ենք այն պատնեշները, որոնց հետևում դիրքավորվել էր մեր հասարակությունը: Խոստացել եմ, որ հարթելու ենք այն ժամանակ անհաղթահարելի թվացող խոչընդոտները:

Այսօր հպարտությամբ ու մեր ժողովրդի` ձեր առջև շնորհակալության անսահման զգացումով ասում եմ` մենք հաղթե՛լ ենք:

Հաղթել ենք ինքներս մեզ: Անցյալի կապանքները խորտակած ժողովուրդն անխորտակելի է: Փա՛ռք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---