Մայիսի 11-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կժամանեն տարածաշրջան

Մայիսի 11-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կժամանեն տարածաշրջան

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մայիսի 11-13-ը կժամանեն տարածաշրջան:

Հայաստան համանախագահները կայցելեն մայիսի 11-ին, մայիսի 12-ին կժամանեն Արցախ, իսկ 13-ին` Ադրբեջան:

Ապրիլի 30-ին Հայաստանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի դիտարկումը: Հայկական կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Իրժե Աբերլեն:

Մինչ դիտարկումը ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացվել է հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը, շփման գծում դիպուկահարների գործողություններին վերաբերող հարցեր:

Դիտարկումն անցել է առանց միջադեպերի:

ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Իրժե Աբերլեն եղել են նաև ՀՀ Տավուշի մարզի Դովեղ բնակավայրում, լուսանկարահանման և տեսագրման միջոցով արձանագրել են ապրիլի 25-ին ադրբեջանական կողմից գյուղի գնդակոծման հետքերը:

Նախքան Դովեղ գյուղ այցելելը ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի դաշտային օգնականները ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների ուղեկցությամբ եղել են ապրիլի 26-ին պայմանագրային երեք զինծառայողների զոհվելու վայրում` Այգեպար-Մովսես գյուղերի միջև ընկած ճանապարհահատվածում, Բերդի ռազմական ոստիկանությունում մանրակրկիտ զննել են հարձակման ենթարկված մեքենան և նկարահանել են այն։

Ապրիլի 27-ին՝ ժամը 04:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ Տավուշի մարզի Այգեպար-Մովսես գյուղերի միջև ընկած ճանապարահատվածում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել վարորդը և ևս երկու պայմանագրային զինծառայողներ:

Ձեռնարկված միջոցառումներով վերջիններիս կյանքը փրկել հնարավոր չի եղել. երկու պայմանագրային զինծառայողներ մահացել են Բերդի զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, իսկ մեկը՝ Բերդի զինհոսպիտալում: Դեպքի վայրի զննության ժամանակ բազմաթիվ հրազենային հետքեր են հայտնաբերվել նաև վերը նշված ավտոմեքենայի վրա:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2–րդ մասի 1-ին (անձի կամ նրա մերձավորի սպանությունը ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 6-րդ (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) կետերով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Ապրիլի 25-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիս-արևելյան հատվածում արձանագրվել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպք: Ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրազենային զենքերից գնդակոծվել էին Տավուշի մարզի Դովեղ գյուղի պաշտպանական դիրքերը, կրակոցներ էին արձակվել գյուղի ուղղությամբ: Վնասվել էր գյուղի մանկապարտեզը և մանկապարտեզի մոտ կայանած «Գազ 53» մակնիշի ավտոմեքենան:

Անվտանգության նկատառումներից ելնելով`մանկապարտեզի սաները և անձնակազմը տարհանվել էին: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդը լռել էր:

Հայկական կողմից տուժածներ և վիրավորներ չկային:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---