Ռուզաննա Սարգսյան. Հաշմանդամի աշխատավարձի 50 տոկոսը վճարում է պետությունը

Ռուզաննա Սարգսյան. Հաշմանդամի աշխատավարձի 50 տոկոսը վճարում է պետությունը

PanARMENIAN.Net - Հաշմանդամին աշխատանքի վերցնելու դեպքում պետությունը գործատուին կվճարի աշխատավարձի 50 տոկոսը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ հաշմանդամների «Փյունիկ» միության ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սարգսյանը` հավելելով, որ հայ գործատուներից շատերը չգիտեն այս օրենքի գոյության մասին:

«Եթե հաշմանդամի համար սահմանվի, ենթադրենք, 60 հազար աշխատավարձ, ապա 50 տոկոսը կվճարի պետությունը: Սա պետության կողմից մի քայլ է հաշմանդամների աշխատանքի տեղավորման խնդիրը ինչ-որ կերպ լուծելու ուղղությամբ», - ասաց Ռուզաննա Սարգսյանը:

Մասնագետը նաև տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությանը կից գործում է Հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող ազգային հանձնաժողով, որի ուշադրությանը մոտ 17 ՀԿ-ներ պարբերաբար ներկայացնում են հաշմանդամների խնդիրները:

«Եթե մենք` հասարակական կազմակերպություններս, ովքեր «ծանոթ ենք հաշմանդամների խնդիրներին` չներկայացնենք դրանք պետությանը, ապա վերջինիս համար շատ դժվար կլինի որևէ գործունեություն ծավալել»,- իր խոսքում նշեց Ռուզաննա Սարգսյանը:

Ֆիզիոլոգ Արմինե Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ Հայաստանում գրեթե չկան հաշմանդամների համար նախատեսված վերականգնողական ծրագրեր, որոնց անհրաժեշտութունը նրանք զգում են ողջ կյանքի ընթացքում:

«Հաշմանդամ մենք անվանում ենք սահմանափակ կարողություններով անձանց: Հենց այս ձևակերպումն ապացուցում է, որ մենք չենք կարողանում ընդունել նրանց որպես հասարակության լիարժեք մարդկանց», -ասաց Արմինե Գրիգորյանը:

Մասնագետը նշեց նաև, որ հաշմանդամների համար հոգեբանորեն ծանր է ենթարկվել բուժզննության, որ գրեթե ամեն տարի նրանք պետք է անցնեն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---