«Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցությունը գալիս է կուսակցություններին միավորելու

PanARMENIAN.Net - «Մշակույթ» ՀԿ-ի նախագահ Անի Զախարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ իր ղեկավարած «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության շրջանակներում կազմել է «Ազգային ծրագիր», որի շուրջ, ցանկանում է համախմբել պետության կայացմանը նպաստող բոլոր կուսակցություններին:

Նորաստեղծ կուսակցության ղեկավար Անի Զախարյանն ասաց. «Մեր երկրում քաղաքական հարաբերություններ վարելու ներքին քաղաքական կուլտուրայի բացակայություն կա: «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցությունը ստեղծված է այս խնդրի լուծման համար»։ Անի Զախարյանի կարծիքով, քաղաքական գործչի առաքելությունը չպետք է սահմանափակվի կոճակ սեղմելով ու խորհրդարանի բուֆետ իջնելով:

Ներկայացնելով իր կուսակցությունը` նա նշեց, որ այն ոչ թե հերթականն է, այլ մի կառույց է, որը կծառայի Հայաստանի մի քանի կուսակցություների միավորմանն ու դաշինքի ստեղծմանը:

Ըստ Անի Զախարյանի` հայկական կուսակցությունները չունեն կոնկրետ ամրագրված ազգային ծրագիր, որը պետք է մեկ քաղաքական տանիքի տակ միավորի կուսակցություններին, պահն արդեն հասունացել է:

«Մենք չունենք կոնկրետ ամրագրված ազգային ծրագիր, թե ո՞ր երկրների հետ է պետք առաջնահերթ հարաբերություններ ունենալ, ի՞նչ վերապահումներով և այլն: Բացակայում է նաև հարաբերություններ վարելու կուլտուրան: Առանձին ոչ ոք չի կարող շատ բան անել այս երկրում, որքան էլ հզոր լինի», - նշեց նա`վստահեցնելով, որ ամեն ջանք գործադրելու է, որ բոլոր քաղաքական ուժերը կարողանան հաղթահարել միջանձնյա հարաբերություններն ու միավորվել մեկ ընդհանուր քաղաքական տանիքի տակ: «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավարը նաև տեղեկացրեց, որ կուսակցության առաջին համագումարը նախատեսված է անցկացնել հունիսի 5-ին, Գրողների միության շենքում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---