6 մայիսի 2012 - 11:22 AMT
Բարուխ Բեն Ներիա. Իսրայելի ԱԳՆ-ն շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերություններում

«1992 թվականին դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին Իսրայելի ու Հարավային Կովկասի՝ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի, միջև: Իսկ 1993 թվականին ես հավատարմագրերս հանձնեցի ՀՀ առաջին նախագահին: Այն ժամանակ Իսրայելի դեսպանի նստավայրը Վրաստանում էր: Եվ պատկերացրեք, 90-ականներին, Թբիլիսիից Երևան հասնելու համար, ես պետք է մեկնեի Մոսկվա և այնտեղից արդեն Երևան: Ես ձգտել եմ զարգացնել մեր երկրների միջև հարաբերությունները թեև դրանք ծանր ժամանակներ էին հետխորհրդային երկրների համար»,-ասել է PanARMENIAN.Net-ին Հայաստանում Իսրայելի առաջին դեսպան Բարուխ Բեն Ներիան: Ըստ նրա, 2003-ին Իսրայելի ԱԳՆ-ն որոշեց տարանջատել դեսպանությունները Վրաստանում և Հայաստանում: «Իսրայելի դեսպանը Վրաստանում մնաց Թբիլիսիում, իսկ Իսրայելում Հայաստանի դեսպանը գտնվում է Երուսաղեմում: Թեև կարծում եմ, որ կարելի էր Թբիլիսիում ժամանակավոր հավատարմատարի թողնել»,-ասել է դիվանագետը:

Նա նաև հայտարարել է, որ 16-17 տարի առաջ Հայաստանը շատ ծանր վիճակում էր և հարաբերություններ զարգացնելը շատ բարդ էր, ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իսրայելի համար: Սակայն այսօր Երևանը շատ է փոխվել, լավ առումով: Ճիշտ է, ըստ իս, փոփոխությունները կարող էին ավելի մեծ լինել, քանի որ հայերը շատ մեծ ներուժ ունեն»,-ասել է դիվանագետը՝ հավելելով, որ հայ-իսրայելյան հարաբերությունների ապագան առևտրատնտեսական կապերի զարգացումն է: Նա հիշեցրել է Իսրայելի գույղնախարար Օրիտ Նոկեդի այցը Հայաստան՝ հավելելով, որ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել առևտրի, բիզնեսի, ենթակառուցվածքների, զբոսաշրջության և ՏՏ տեխնոլոգիաների ոլորտում:

Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա Բարուխ Բեն Ներիան ասել է, որ Իսրայելն այժմ բարդ ու անկանխատեսելի վիճակում է: «Արաբական գարունը» ու քաղաքական փոփոխություններն այդ երկրներում արմատապես փոխել են ողջ Մերձավոր Արևելքը և ոչ ոք չի կարող կանխատեսել, թե իշխանության ինչ մոդել կստեղծվի արաբական աշխարհում: Մեծ վտանգ է ներկայացնում Իրանի միջուկային ծրագիրը: Ըստ փորձագետների, այն առաջին հերթին ուղղված է Իսրայելի դեմ: Ուստի հենց այդ պատճառով է, որ ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն, Արևմուտքն ընդհանուր առմամբ և արաբական աշխարհը փորձում են կասեցնել Իրանի միջուկային ծրագիրը: Նշենք, որ մինչ 2011թ. Իսրայելն իր արտաքին քաղաքականության մեջ ղեկավարվել է բացառապես պրագմատիզմով՝ մենք նորմալ հարաբերություններ ունեինք Մերձավոր Արևելքի գրեթե բոլոր երկրների հետ՝ ներառյալ Սաուդյան Արաբիան, Քաթարը, ՄԱԷ-ն: Իսկ Սիրիայի հետ սահմանը, անկախ խաղաղ պայմանագրի բացակայությունից, ամենահանգիստներից մեկն էր: Սակայն, այժմ իրավիճակը, ինչպես ասացի, լրջորեն փոխվել է՝ նոր եգիպտական խորհրդարանում մեծամասնություն են կազմում իսլամիտսները, նույնը տեղի է ունենում այլ արաբական երկրներում: Որոշ արաբական երկրներ, որոնք սահմանակից են Իսրայելին, օրինակ, Լիբանանը, նույնպես Հեզբոլլահի վերահսկողության տակ են, էլ չասած Գազայի հատվածի մասին, որտեղ գլխավորը ՀԱՄԱՍ-ն է: Իսրայելն ու իսրայելյան հանրությունը մեծ ջանքեր են գործադրում այն նորանկախ պետությունների, այդ թվում Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու համար, որտեղ մեծ ջանքեր են գործադրվում նոր ժողովրդավարական հասարակություն կառուցելու համար և լուծում են իրենց ազգային ու տնտեսական խնդիրները»,-ասել է Բարուխ Բեն Ներիան: