6 մայիսի 2012 - 11:52 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Տարոն Մարգարյան. Իմ ընտրությունը կատարեցի հանուն մեր երկրի կայունության և կայուն զարգացման

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր իր քաղաքացիական պարտքն է կատարել Ավան վարչական շրջանի թիվ 177 դպրոցում: «Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի իմ ընտրությունը կատարեցի հանուն մեր երկրի կայունության և կայուն զարգացման»,- ասաց քաղաքապետը: Նա նշեց, որ իր տրամադրությունը բարձր է, տոնական և բոլորին մաղթեց արդար ընտրություններ:

Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Մարտին Ղալումյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ 2033 ընտրողներից ժամը 11-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 450 հոգի:

Ընտրությունների մեկնարկից մի քանի րոպե անց մասնակիցներն ու դիտորդները սկսել են ահազանգել, թե 17 րոպե անց անձնագրերում դրվող կնիքն անհետանում է, և մի բարակ գիծ է մնում, մինչդեռ թանաքը պետք է օքսիդանար 12 ժամ անց: 4/07 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Վալերի Կոսյանը պատմել է, որ իրենք էլ են նման ահազանգ ստացել և փորձարկում են կատարում. արդեն մեկ ժամ է անձնագիր են կնքել ու սպասում են, սակայն կնիքը չի անհետանում:

Միաժամանակ չեն դադարում դիտորդների ու ընտրողների ահազանգերը: Նշվում են կոնկրետ տեղամասեր ու ընտրողների անուններ: iDitord կայքում դիտորդները գրում են, որ որոշ տեղամասերում ընտրությունները ընդհատել են, անհետացող կնիքների մասին հայտնել են ԿԸՀ, սակայն ԿԸՀ-ն հրահանգել է շարունակել ընտրությունները՝ ուշադրություն չդարձնելով անհետացող կնիքներին:

Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):

Ընդ որում, եթե ընտրությունների մասնակից կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը, ապա ՀԱԿ-ը` որպես բլոկ, պետք է հաղթահարի 7 տոկոսի շեմը:

Հայաստանում ընտրություններին հետևելու են 647 միջազգային և 31 հազար տեղական դիտորդներ, ինչը հայկական ընտրությունների համար աննախադեպ թիվ է: Ինչ վերաբերում է միջազգային դիտորդներին, ապա Հայաստանում խորհրդարանական ընտրություններին հետևելու համար իրենց առաքելություններն են ուղարկել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը (258 դիտորդ),ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը(69), ԵԽԽՎ (37), ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը (22), ԱՊՀ Դիտորդական առաքելությունը (151), ինչպես նաև Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը (IFES) և SILBA միջազգային կազմակերպությունը:

Նախնական արդյունքները կհրապարկվեն քվեարկությունից առնվազն 24 ժամ անց, իսկ վերջնական արդյունքները` քվեարկության 7-րդ օրը:

ՖՈՏՈՇԱՐՔ