6 մայիսի 2012 - 15:22 AMT
Այսօր խորհրդարանական ընտրություններ են նաև Հունաստանում

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ են այսօր Հունաստանում: Սոցիոլոգիական հարցումները վկայում են այն մասին, որ հնարավոր են զգալի փոփոխություններ քաղաքական ուժերի դասավորության առումով:

Երկու առաջատար կուսակցությունները, որոնք նախորդ 2009թ. ընտրություններում ստացել են ձայների գրեթե 80 տոկոսը, կպայքարեն ոչ թե միանձնյա հաղթանակի, այլ իշխող կոալիցիան վերականգնելու համար: Հունաստանի ընտրությունները, Ֆրանսիայի նախագահական ընտրությունների հետ մեկտեղ, հերթական «լակմուսի թուղթ» կհանդիսանան՝ ցույց տալով եվրոպացի ընտրողի վերաբերմունքը վերջին տարիների «տնտեսման քաղաքականությանը»

Ընդվզումը Հունաստանում բավականին արտահայտված է, քանի որ գործազրկությունը կազմում է գրեթե 22 տոկոս, ՀՆԱ-ն վերջին չորս տարում անկում է ապրել գրեթե 15 տոկոսով, իսկ քաղաքացիների եկամուտները կրճատվել են գրեթե մեկ երրորդով:

Խորհրդարանի մաս կազմելուն հավակնում են 8-10 կուսակցություններ:

Հունաստանի խորհրդարանն ընտրվում է չորս տաի ժամկետով, սակայն երկրում արտահերթ ընտրությունները բավականին հաճախակի են: Ընտրողների ընդհանուր թիվը 9,9 մլն է

Մայիսի 6-ին խորհրդարանական ընտրություններ են ընթանում նաև Հայաստանում, իսկ Ֆրանսիայում ընտրում են երկրի նախագահին: