6 մայիսի 2012 - 15:27 AMT
Ֆրանսուա Խավիեր դը Դոնեան եղել է 6 ընտրատեղամասում և որևէ լուրջ խախտում չի նկատել

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողավի կարճաժամկետ դիտորդական առաքելության համակարգող Ֆրանսուա Խավիեր դը Դոնեան արդեն եղել է 6 ընտրատեղամասում և որևէ լուրջ խախտում չի նկատել:

Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ տարաձայնություններ են եղել որոշ ընտրատեղամասերում, որոնք, սակայն որևէ էական ազդեցություն չեն կարող ունենալ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների որակի գնահատման վրա:

Լրագրողների այն հարցին, թե այլ երկրների հետ համեմատած ինչպես են անցնում ընտրությունները Հայաստանում, նա ասաց, որ տարբեր երկրներում անցկացվող ընտրությունները չի կարելի համեմատել և որ դիտորդական խումբը դրա համար չէ Հայաստանում: «Մենք եկել ենք տեսնելու, թե պետությունը որքանով է կատարում իր ստանձնած պարտավորությունները և որքանով է հետևում օրենքին»,-ասաց Ֆրանսուա Խավիեր դը Դոնեան:

Նա նաև տեղեկացրեց, որ ԵԱՀԿ-ի առաջին նախնական զեկույցը պատրաստ կլինի վաղը ժամը 13:00-ին, իսկ հիմնական զեկույցն արդեն մի քանի շաբաթ անց:

Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):

Ընդ որում, եթե ընտրությունների մասնակից կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը, ապա ՀԱԿ-ը` որպես բլոկ, պետք է հաղթահարի 7 տոկոսի շեմը:

Հայաստանում ընտրություններին հետևելու են 647 միջազգային և 31 հազար տեղական դիտորդներ, ինչը հայկական ընտրությունների համար աննախադեպ թիվ է:

Ինչ վերաբերում է միջազգային դիտորդներին, ապա Հայաստանում խորհրդարանական ընտրություններին հետևելու համար իրենց առաքելություններն են ուղարկել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը (258 դիտորդ),ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը(69), ԵԽԽՎ (37), ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը (22), ԱՊՀ Դիտորդական առաքելությունը (151), ինչպես նաև Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը (IFES) և SILBA միջազգային կազմակերպությունը:

Նախնական արդյունքները կհրապարկվեն քվեարկությունից առնվազն 24 ժամ անց, իսկ վերջնական արդյունքները` քվեարկության 7-րդ օրը: