6 մայիսի 2012 - 16:00 AMT
Հանձնաժողովի նախագահը խախտում է օրենքը, բայց անպատիժ է մնում, ասում է Փաշինյանի վստահված անձը

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 7/02 ընտրատեղամասում կանոններն է խախտել հանձնաժողովի նախագահ Արտաշես Գրիգորյանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում պատմեց ՀԱԿ ներկայացուցիչ, Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Սիփան Փաշինյանը:

Նրա խոսքով, «հանձաժողովի նախագահը մտել է քվեախցիկներ, որտեղ այդ պահին քվեարկողներ կային, լույսը միացնելու պատճառաբանությամբ, ես արձագանքեցի, որ չի կարելի մտնել, նա բացարձակ ռեակցիա չտվեց», ասաց վստահված անձը: Ըստ Սիփան Փաշինյանի, նա արձանագրություն է կազմել, սակայն հանձնաժողովի անդամները, վստահված անձինք չեն ստորագրել՝ ասելով, որ նման բան չեն տեսել, այնինչ ամեն ինչն անցել է նրանց աչքի առաջ: Բացի այդ, Սիփան Փաշինյանի խոսքով նա նաև արձանագրություն է կազմել դրոշմակնիքների թանաքի ցնդելու մասին, սակայն այստեղ էլ ներկաներն ասել են, որ ոչինչ չեն տեսել:

Երբ ՀԱԿ-ի վստահված անձն առաջարկել է Արտաշես Գրիգորյանին ստորագրել փաստաթղթի տակ, նա հեռախոսազրույց է ունեցել, հետո գոռգոռալով ասել, որ իրավունք չունի ստորագրել նման փաստաթղթերի տակ:

PanARMENIAN.Net ի թղթակիցը փորձեց Գևորգյանից պարզաբանումներ ստանալ, որի արդյունքում նա ասաց. «Փաշինյանի վկան ստում է, դա սադրանք է»: