6 մայիսի 2012 - 19:50 AMT
Թիվ 6/18 ընտրական տեղամասում սրտի կաթվածից մահացել է 80-ն անց մի կին

80-ն անց մի կին թիվ 6/18 ընտրական տեղամասում սրտի կաթված է ստացել, այնուհետ մահացել: Այս մասին հաղորդել է տեղամասի հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Շահինյանը: Ըստ նրա, կինը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին կամ հիվանդանոցում:

Խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգով պայքարում են 8 կուսակցություն և մեկ դաշինք` իշխող «Հայաստանի Հանրապետական» (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ), «Օրինաց երկիր» (ՕԵԿ), «Հայ յեղափոխական դաշնակցություն» (ՀՅԴ), «Ժառանգություն» «Հայաստանի Դեմոկրատական» (ՀԴԿ), «Հայաստանի Կոմունիստական» (ՀԿԿ), «Միավորված հայեր» (ՄՀԿ) կուսակցությունները և Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցությունների դաշինքը: Մեծամասնական ընտրակարգով առաջադրված են պատգամավորի 41 թեկնածուներ:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների ընթացքի մասին տեղեկությունները կհրապարակի քվեարկության օրը ժամը 12.00-ից սկսած, երեք ժամը մեկ: Իսկ ժամը 21.00-ին կհրապարակվեն ըստ մարզերի (մարզում նաև ըստ մարզկենտրոնների և մարզի 10000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների) և Երևան քաղաքի, մինչև նախորդ ժամը քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություններ:

Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պաշտոնապես կհրապարակի քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո, այսինքն մայիսի 7-ի կեսգիշերից սկսած մինչև երեկոյան ժամը 8-ը:

Ընտրությունների վերջնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշում կայացնելուց հետո կհրապարակվեն մայիսի 13-ին: