7 մայիսի 2012 - 11:22 AMT
Այսօր՝ մայիսի 7-ին Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունն է

Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 7-ին կստանձնի իր պարտականությունները: Երդմնակալության արարողությունը Պուտինի համար արդեն երրորդը կլինի, սակայն նա առաջին անգամ է ստանձնում պաշտոնը վեց տարով:

Պուտինը գլխավորեց Ռուսաստանը 2000թ., իսկ 2004-ին վերընտրվեց նախագահի պաշտոնում: Նա չի մասնակցել 2008 թվականի ընտրություններին, քանի որ, ըստ Սահմանադրության, նույն մարդը չի կարող առաջադրվել երեք անգամ անընդմեջ: Սատարելով որպես թեկնածու Մեդվեդևին՝ Պուտինը 2008թ. մայիսին ստանձնեց երկրի վարչապետի պաշտոնը: Իսկ 2008թ. փոփոխություններ արվեցին Սահմանադրության մեջ, որոնց համաձայն նախագահն այժմ ընտրվում է ոչ թե չորս, այլ վեց տարով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Երդմնակալության արարողությունը կսկսվի կեսօրին և մոտ 40 րոպե կտևի: Ուղիղ հեռարձակում կվարեն վեց հեռուստաալիքներ: Արարողությունը կհեռարձակվի նաև անգլերեն, արաբերեն և իսպաներեն լեզուներով, ինչպես նաև դրան հնարավոր կլինի հետևել Youtube-ում: