7 մայիսի 2012 - 11:30 AMT
Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունու» պետական բժշկական քոլեջը փորձնական հավատարմագրում է անցնում

Առաջին անգամ փորձնական հավատարմագրում է անցնում Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունու» պետական բժշկական քոլեջը: Որակի արտաքին գնահատման`հավատարմագրման նպատակով մայիսի 3-ին մեկնարկել է փորձագիտական այցը:

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամից հայտնում են, որ համաձայն հավատարմագրման կարգի` Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունու» պետական բժշկական քոլեջը ՈԱԱԿ-ին է ներկայացրել ինքնավերլուծություն` ըստ մշակված ձևաչափի: ՈԱԱԿ-ի աշխատակիցների հետ պարբերական հանդիպումների ընթացքում փորձագետները ուսումնասիրել են ինքնավերլուծությունը, կազմել գործողությունների պլան, դուրս են բերել մի շարք հարցեր, որով առաջնորդվելու են այցի ընթացքում:

Հնգօրյա այցի ընթացքում փորձագետները կհանդիպեն դասախոսների, ուսանողների, քոլեջի վարչական անձնակազմի, ինքնավերլուծությունն իրականացրած խմբի հետ, կդիտարկեն առկա ռեսուրսները, կուսմնասիրեն փաստաթղթերը` ձեռք բերելու տեղեկություններ հաստատության գործունեության վերաբերյալ և պարզելու ինքնավերլուծության մեջ նշված փաստերի և տեղեկատվության հավաստիությունը:

Այցից հետո փորձագետները կամփոփեն դիտարկման արդյունքները և կներկայացնեն նախնական զեկույց քոլեջի հետագա բարելավման մասին: