7 մայիսի 2012 - 12:55 AMT
Կառլեն Մկրտչյան. Մենք արժանի չէինք պարտության Ուկրաինայի գավաթի եզրափակչում

Դոնեցկի «Մետալուրգի» կենտրոնական կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը մեկնաբանել է Ուկրաինայի գավաթի եզրափակիչը, որտեղ իր թիմը 1:2 հաշվով զիջեց «Շախտյորին»:

«Մենք արժանի չէինք պարտության Ուկրաինայի գավաթի եզրափակչում: Գոլային պահեր ունեցան երկու ակումբները: Լրացուցիչ ժամանակում մենք գոլ բաց թողեցինք: Շատ քիչ ժամանակ էր մնում հաշիվը հավասարեցնելու համար»,-Մկրտչյանի խոսքն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստը նշել է, որ նրանք երկար են պատրաստվել եզրափակչին: «Բոլոր իմ գործընկերները լուրջ էին տրամադրված, սակայն չկարողացան նվաճել Գավաթը: Բոլորն էին հասկանում այս խաղի գինը»:

Մկրտչյանը խոստովանել է, որ շատ էր ցանկանում բարձրացնել Ուկրաինայի գավաթը, սակայն, չնայած դրան, չի հուսալքվում, քանի որ թիմը նվաճեց Եվրոպայի լիգայում հանդես գալու իրավունքը:

«Մենք մի բան հասկացանք. «Մետալուրգը» կարող է դիմակայել լավագույն ակումբներին: Մենք չպետք է ուշադրություն դարձնենք մրցակիցների վրա: Մեր թիմը կարող է ցանկացած ակումբի հաղթել: Ցավալի է, որ մենք չհաղթեցինք»,-ասել է նա: