31 մայիսի 2004 - 22:01 AMT
ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Ադրբեջանի Ռազմագերիների եւ անհայտ կորածների հարցերով պետական կոմիտեն ավելի շատ զբաղված է քարոզչական աշխատանքով, քան որոնումներով: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այսօր Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Աշոտ Ղուլյանի հետ Ստեփանակերտում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել են ղարաբաղյան հակամարտության գոտում անհայտ կորածների, պատանդների եւ ռազմագերիների որոնման Միջազգային աշխատանքային խմբի (ՄԱԽ) համանախագահներ Բերնհարդ Կլազենը եւ Սվետլանա Գաննուշկինան: Նրանք ընդգծել են, որ անթույլատրելի է քաղաքականացնել մարդասիրական խնդիրները: Աշոտ Ղուլյանն, իր հերթին, նշել է, որ Ադրբեջանի նման դիրքորոշումը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հասցեին ուղղված շինծու մեղադրանքները խանգարում են որոնման աշխատանքներին` ստեղծելով անվստահության մթնոլորտ: Նախարարը կարծիք է հայտնել, որ ՄԱԽ-ի հստակ արտահայտած դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ կարող է շտկել իրավիճակը: