1 հունիսի 2004 - 19:07 AMT
ԴԺԳՈՀ ՀԱՅ ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՐԱԿԵԼ Է ԱՎՏՈՄԵԽԱՆԻԿԻ ՎՐԱ
22-ամյա հայաստանցի Արթուր Սարգսյանը Մոսկվայում կրակել է ավտոսերվիսի մեխանիկի վրա. նրան թվացել է, որ ավտոմեքենայի վերանորոգման համար իրենից բավականին շատ գումար են պահանջել: Մի ամիս առաջ նա իր «BMW» մակնիշի ավտոմեքենան կանգնեցրել է Մոսկվայի ավտովերանորոգման ծառայություններից մեկում` վերանորոգելու եւ ներկելու համար, տեղեկացրել են «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին մայրաքաղաքի իրավապահպան մարմինները: Մի քանի շաբաթ անց մեքենան ետ ստանալիս նա դժգոհություն է հայտնել աշխատանքի որակից եւ հրաժարվել է մուծել ամբողջ գումարը: Արդյունքում ծեծկռտուք է առաջացել, որին, բացի ավտոմեխանիկից խառնվել է նրա գործընկերը` նույնպես հայաստանցի: Սարգսյանը հանել է «ՏՏ» ատրճանակը եւ կրակել: Կրակոցից տուժել է հայ վարպետը, որն իր մարմնով փակել է գործընկերոջը: Իրավապահ մարմինների կողմից կալանավորված Արթուր Սարգսյանը չի ունեցել Մոսկվայի ոչ մշտական, ոչ էլ ժամանակավոր գրանցում: Հարցաքննությունների ժամանակ նա հայտնել է, որ ատրճանակը նա գտել է: Ներկայումս այդ տեղեկատվությունը ստուգվում է: Վիրավոր մեխանիկին բարդ վիրահատություն է արվել: Բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը: