27 մարտի 2003 - 18:12 AMT
ԵՐԵՎԱՆԸ ՏԱՐԱԿՈՒՍՈՒՄ Է ԱՅՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՔՐԴԵՐԻ ԻԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՈՏՆԱՀԱՐՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տարակուսանք է հայտնել այն կապակցությամբ, որ հանրապետությունը հայտնվել է այն երկրների ցուցակում, որոնց դեմ Մարդու իրավունքների քրդական նախագիծ կազմակերպությունը (ՄԻՔՆԿ) դիմում է նախապատրաստում Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն է հայտարարել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը, մեր երկրի հայտնվելը այդ ցուցակում տարօրինակ է, քանի որ Հայաստանի տարածքում բնակվող քրդերը եւ եզդիները բազմիցս անգամ ընդգծել են, որ Հայաստանը այն փոքրաթիվ երկրներից մեկն է, որտեղ իրենց իրավունքները չեն ոտնահարվում: «Այդ մասին բազմիցս անգամ ասվել է քրդերի եւ եզդիների տարբեր կազմակերպությունների կողմից, ինչը արտացոլվել է նաեւ մարդու եւ ազգային փոքրամասնությունների իրավունքներով զբաղվող, տարբեր միջազգային կառույցների փաստաթղթերում»,- նշել է նա: Մամլո քարտուղարը խորհուրդ է տվել ՄԻՔՆԿ-ին դիմել անմիջապես Հայաստանում գործող քրդական եւ եզդիական կազմակերպություններին եւ անհրաժեշտ պարզաբանումներ ստանալ իրական պատկերը բացահայտելու համար: Նշենք, որ այն երկրների թվում, որոնց դեմ քրդերը մտադիր են հայց ներկայացնել եվրոպական դատարան, կան Թուրքիան եւ Ադրբեջանը: