8 մայիսի 2012 - 13:50 AMT
Էդուարդո Էռնեկյանին շնորհվել է «Բիզնես հանուն խաղաղության 2012» մրցանակը

Մայիսի 7-ին, Օսլոյի Կառավարական պալատում, տեղի է ունեցել «Բիզնես հանուն խաղաղության 2012» մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը, որտեղ մրցանակ է հանձնվել Էդուարդո Էռնեկյանին: Այս հեղինակավոր մրցանակը շնորհվում է նոբելյան մրցանակակիրներից կազմված հանձնաժողովի կողմից, որը հատուկ զբաղվում է աշխարհի տարբեր երկրների ականավոր գործարար անձանց ընտրությամբ:

Արարողությանը հաջորդած ընթրիքի ընթացքում Էռնեկյանը նշել է. «Որպես գործարար, ընկերության և հանրային աշխատանքի տարբեր ոլորտներում միշտ ձգտել եմ ուղղորդվել համամարդկային արժեքներով: Գլոբալիզացված աշխարհում միայն երկխոսության կամուրջներ հիմնելով որևէ պետութուն չի կարող երկար գոյատևել, եթե չկան էթիկական այն արժեքները, որոնք նեցուկ են հանդիսանում այդ կամուրջների համար»:

«Բիզնես հանուն խաղաղության» հիմնադրամը Առևտրի միջազգային պալատի հետ ամեն տարի ընտրում է բացառիկ բիզնեսմենների մի խումբ, որոնք բացի գործարարության մեջ առանձնանալուց, իրենց ընկերություններում ունեցել են հանրայնորեն արժեքավոր ձեռքբերումներ:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերությունից հայտնում են, որ բացի արգենտինահայ գործարարից այս տարի ընտրվել են նաև Իբրահիմ Աբուլեյշը` Եգիպտոսից, Անիլ Ագարվալը` Հնդկաստանից, Վլադաս Լասասը` Լիտվայից, Դավիթ Վ. Մաքլենանը` Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռեջինալդ Ա. Մենգրին` Տանզանիայից և Լատիֆուր Ռահմանը` Բանգլադեշից:

Մրցանակի հանձնման պաշտոնական արարողությանը ներկա էին Հանձանաժողովի անդամներ` 2006թ խաղաղության նոբելյան մրցանակակիր պրոֆեսոր Մուհամեդ Յունուսը, 2004թ խաղաղության նոբելյան մրցանակակիր պրոֆեսոր Վանգարի Մաաթհային, տնտեսագիտության ոլորտում Ալֆրեդ Նոբելի անվան Sveriges Riksbaks մրցանակակիր պրոֆեսոր Մայքլ Սպենսը: Արարողությանը մասնակցել են նաև Նորվեգիայում Արգենտինայի դեսպան Խուան Մանուել Օրտիս դե Ռոսասը և Կորպորասիոն Ամերիկայի փոխնախագահ Հյուգո Էռնեկյանը: