8 մայիսի 2012 - 14:01 AMT
«Ընտրությունը քոնն է» ՀԿ. ԱԺ ընտրություններն անցել են խաղաղ և հավասարակշռված մթնոլորտում

Մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրություններն անցել են խաղաղ և հավասարակշռված մթնոլորտում: Այս համոզմունք է այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել «Ընտրությունը քոնն է» ՀԿ մամուլի քարտուղար Հասմիկ Սարգսյանը` հավելելով, որ ընտրական ընթացակարգերը պահպանվել են գերազանց:

«Տեղամասերի զգալի մասում ընտրողները հնարավորություն են ունեցել ազատ, առանց արհեստական խոչընդոտների արտահայտելու իրենց կամքը` քվեարկության միջոցով: Հանձնաժողովների անդամները, վստահված անձինք և դիտորդները հիմնականում ազատորեն իրականացրել են օրենքով վերապահված իրենց գործառույթները», - իր խոսքում նշեց Հասմիկ Սարգսյանը:

Մասնագետը նաև նշեց, որ ՀԿ-ն ընտրության օրն արձանագրել է նախորդ ընտրությունների համեմատ որոշակի առաջընթաց. «Ընտրությունների օրվա մթնոլորտն եղել է հանգիստ և անկաշկանդ` առավելապես քաղաքակիրթ մրցապայքարի կանոնների պահպանմամբ»:

«Ընտրությունը քոնն է» ՀԿ նախագահ Հարություն Համբարձումյանն էլ նշեց, որ իրենց կազմակերպությունը` հետևելով քաղաքական գերծընթացներին և ընտրություններին 1998-ից, արձանագրել է, որ այս ԱԺ ընտրություններն «իսկապես մեկ քայլ առաջ են»:

«Եթե լինեինք 1-2 տարվա ՀԿ, կարող է և զարմանայինք, թե ինչ է կատարվում այս ընտրություններին: Բայց քանի որ մենք ունենք ենք այլ փորձ, իսկ այժմ տեսնում ենք այս ընտրությունները` հարկ ենք համարում նշել այս առաջընթացը», - նշեց Համբարձումյանը: