Սարիբեկ Սուքիասյանը չի կարծում, որ պարտվել է

Սարիբեկ Սուքիասյանը չի կարծում, որ պարտվել է

PanARMENIAN.Net - ԱԺ ընտրություններում թիվ 10 ընտրատարածքում ինքնառաջադրված Սարիբեկ Սուքիասյանի շտաբի մամուլի ծառայությունն այսօր հաղորդագրություն է տարածել, որտեղ Սարիբեկ Սուքիասյանը նոր գումարման Ազգային ժողովին ցանկանում է «բեղմնավոր և օրինաստեղծ աշխատանք»: Հաղորդագրությունում նաև ասվում է.

«Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները, ցավոք, ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանում ոչնչացված են իշխանության ձևավորման ընտրական մեխանիզմները: Իշխանական ներկա համակարգը նաև ցույց տվեց, որ շարունակում է Սուքիասյան ընտանիքի անդամների քաղաքական հետապնդումը և ընտրողների իրավունքները ոտնահարելով, հենց ինքն է ընտրելու քաղաքացիների ապագան: Ընտրություններում ես չեմ պարտվել, «հաղթել են» ընդամենը պետության վարչական, ուժային, ֆինանսական ռեսուրսները, կատարելության հասցված կեղծիքների և անվավերների մեխանիզմը»:

Սուքիասյանը շնորհակալություն է հայտնում ընտրատարածքի բոլոր բնակիչներին, ովքեր մայիսի 6-ին գնացել են ընտրատեղամասեր և արտահայտել իրենց ազատ կամքը. «Շնորհակալություն եմ հայտնում իմ օգտին քվեարկած ընտրողներին, իմ նախընտրական թիմի անդամներին, բազմաթիվ կամավորներին, վստահված անձանց, ովքեր պարտաճանաչ կերպով և մեծ ոգևորությամբ աշխատեցին նախընտրական ժամանակաշրջանում և ընտրությունների օրը: Վստահեցնում եմ, որ անկախ ընտրությունների արդյունքից` իմ հնարավորությունների չափով կիսելու եմ ընտրատարածքի բնակիչների հոգսերը և միշտ հասանելի եմ լինելու նրանց համար»: Թիվ 10 ընտրատարածքում ձայների մեծամասնությամբ հաղթել է ՀՀԿ-ական Գարեգին Նուշիկյանն, ով առաջադրված էր Սարիբեկ Սուքիասյանի դեմ: Մայիսի 6-ին Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Համաձայն բոլոր 1982 ընտրատեղամասերի քվեաթերթիկների մշակման արդյունքում ստացած նախնական տվյալների` կուսակցություններն ու բլոկը դասավորվել են հետևյալ կարգով. Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 663 066 (44,05 %), «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 454 684 (30,20 %), Ժառանգություն»` 87 095 (5,79 %), Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ` 106 910 (7,10 %), «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 86 296 (5,73 %), «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 82 690 (5,49 %), Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ)` 5 633 (0,37 %), Հայաստանի Կոմունիստական կուսակցություն` 15 933 (1,06 %), «Միավորված հայեր» կուսակցություն` 3 080 (0,20 %):

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---