25  08.05.12 - ՀԱԿ-ի հանրահավաքը Ազատության հրապարակում

Ընդդիմության հետընտրական հանրահավաք. ՀԱԿ-ը կգնա խորհրդարան, բայց կբողոքարկի ընտրությունների արդյունքները

Ընդդիմության հետընտրական հանրահավաք. ՀԱԿ-ը կգնա խորհրդարան, բայց կբողոքարկի ընտրությունների արդյունքները

PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում մայիսի 7-ին տեղի ունեցավ հայկական ընդդիմության` խորհրդարանական ընտրություններից հետո առաջին հանրահավաքը: Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով հանրահավաքի ժամանակ, հայտնել է, որ Կոնգրեսը պետք է գնա Ազգային ժողով:

Պայքարը «հանուն երջանիկ Հայաստանի» շարունակվում է

Նիկոլ Փաշինյանն ընդդգծել է, որ ՀԱԿ-ը կշարունակի իր պայքարը հանուն երկրում իշխանափոխության, «հանուն ազատ և արդար Հայաստանի»: Նա նշել է այն 6 հազար հոգուն, ովքեր ոչնչից չվախենալով տվել են իրենց ձայնը ՀԱԿ-ի օգտին: Նրա խոսքով` այդ մարդիկ ոտքի կկանգնեն «հանուն ազատ և արդար Հայաստանի, հանուն Հայաստանի ազատագրման»:

Ինչ վերաբերում է իշխանության օգտին քվեարկած մարդկանց, Փաշինյանը նրանց անվանել է «սարգսյանական Օսվենցիմի գերիներ»` հայտնելով. «Մենք սիրում ենք ձեզ, և մենք պարտավորություններ ունենք ձեր առջև: Մենք պետք է ազատագրենք ձեզ»:

Նա հայտնել է նաև, որ թե գտնում է, որ հայկական իշխանությունները` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, սեփական ժողովրդի ցեղասպանություն են իրականացնում: Այս կապակցությամբ, նրա խոսքով, մայիսի 6-ը յուրօրինակ ապրիլի 24 է դարձել: Փաշինյանը հայտնել է նաև, որ Հայաստանն այժմ «քոչարյանասարգսյանական օսվենցիմ է»:

Ընդդիմությունը պահանջում է չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները

ՀՀՇ վարչության նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը հայտնել է, որ ՀԱԿ-ը պատրաստվում է Սահմանադրական դատարան դիմել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով: Այդ մասին Մանուկյանը հայտնել է Երևանում ընթացող հանրահավաքի ժամանակ:

Նրա խոսքով` նման դիմումի համար հիմք է ծառայում, մասնավորապես, Սարգսյանի և գործադիր իշխանության այլ բարձրաստիճան անձանց մասնակցությունը նախընտրական քարոզարշավին, «ինչը հակասահմանադրականության դրսևորում է` ուռճացրած ընտրացուցակներ, ինչպես նաև ընտրողների անձնագրերում անհետացող թանաքով կնիքներ, ինչը թույլ է տվել բազմակի քվեարկում իրականացնել»:

1,6 մլն ընտրողները ՀԱԿ-ին խիստ կասկածելի են թվում

Արամ Մանուկյանը մեկնաբանել է նաև քվեարկությանը մասնակցածների թիվը` 1 մլն 600 հազար: Նրա խոսքով` դա անհեթեթ թիվ է, որն ընդգրկում է Հայաստանից բացակայող քաղաքացիներին: Մանուկյանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել ընտրողների կասկածելի բարձր ներկայանալիությանը մարզերում, մինչդեռ Երևանում այն կազմել է 400 հազար ընտրողից քիչ ավելի:

ՀԱԿ-ի ղեկավարը հրաժարվում է պատգամավորական մանդատից

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի ժամանակ հայտնել է, որ չի մտնի ապագա Ազգային ժողովի կազմից մեջ, վայր կդնի իր պատգամավորական մանդատը և նրան խորհրդարանում կփոխարինի Հրանտ Բագրատյանը: Տեր-Պետրոսյանի խոսքով` իր ներկացուցչությունը ԱԺ-ում իմաստ կունենար, «եթե ՀԱԿ-ը միայնակ կամ այլ ընդդիմադիր ուժերի հետ մեծամասնություն կազմեր ապագա խորհրդարանում կամ եթե ՀՀԿ-ն կորցներ իր մեծամասնությունը»:

Լևոն Տեր-Պետրոսյանը չի կարող հեռանալ քաղաքականությունից

ՀԱԿ-ի ղեկավարը նշել է, որ քաղաքակիրթ աշխարհում հաստատված ավանդույթի համաձայն, նախկին նախագահներին չի պատշաճում տեղ զբաղեցնել խորհրդարանում։ Ընդ որում նա ընդգծել է, որ չի պատրաստվում դադարեցնել իր քաղաքական գործունեությունը։ «Թեև համարում եմ, որ լիովին կատարել եմ իմ պարտքը ժողովրդի ու երկրի հանդեպ, սակայն անգամ դա ինձ իրավունք չի տալիս հեռանալ ասպարեզից»,- ասել է Տեր-Պետրոսյանը: Նա հավելել է, որ կշարունակի անել ամեն ինչ՝ «հայ ժողովրդին քոչարյանասերժական չարագործ ավազակախմբից ազատելու համար»։ «Թող ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանն իմանան, որ ես կշարունակեմ պայքարն այնքան ժամանակ, որքան կներեն իր ֆիզիկական ուժերը և որքան իր ծառայությունը պահանջված կլինի ժողովրդի կողմից»,- հայտնել է Տեր-Պետրոսյանը:

Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնաբանել է նաև մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները: Նա նշել է, որ այս անգամ հաստատվեց իմ այն պնդումը, որ «Հայաստանում ցանկացած հաջորդ ընտրություն ավելի վատն է, քան նախորդը»:

Տեր-Պետրոսյանի խոսքով` այս ընտրությունների ժամանակ իշխանությունները դիտորդների զգոնությունը բթացնելու համար հանճարեղ հնարամտությամբ հորինել է ընտրախախտումների նոր անսպասելի մեխանիզմներ։

«Եթե հանրապետականները կարծում են, թե արդար հաղթանակ են տարել, թող կարծեն, եթե պնդում են, թե Հայաստանի պատմության լավագույն ընտրություններն են անցկացրել, թող պնդեն»,- նկատել է ընդդիմադիր ՀԱԿ-ի ղեկավարը: Ընդ որում նա հավելել է, որ անկախ ամեն ինչից «Հայաստանի իշխող վարչախումբը մնացել է գողերի, կաշառակերների, մարդասպանների, տգետների ու անկիրթների նույն խաժամուժը»:

Տեր-Պետրոսյանը հայտնել է նաև, որ պատիվը պատկանում է ժողովրդի այն հատվածին, որն իր ձայնը տվել է Կոնգրեսին: Նա ընդգծել է, որ Հայ ազգային կոնգրեսը շարունակելու է պայքարն իր բոլոր հռչակած նպատակներին հասնելու համար, և «ոչ մի ձախողում, ոչ մի անհաջողություն մեզ չի վհատեցնելու»:

Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին ընտրություններին, ապա, ՀԱԿ-ի ղեկավարի խոսքով, հանուն իր աշխարհաքաղաքական շահերի և կայունության տարածաշրջանում այն զոհաբերեց ժողովրդավարությունը Հայաստանում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---