iDitord համացանցային հարթակը 1062 ընտրախախտում է գրանցել

iDitord համացանցային հարթակը 1062 ընտրախախտում է գրանցել

PanARMENIAN.Net - iDitord համացանցային հարթակը 1062 ընտրախախտում է գրանցել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն, iDitord.org հարթակի համակարգող Սոնա Այվազյանը՝ հավելելով, որ այս թիվը կարող է փոփոխվել, որովհետև որոշ հաղորդագրություններ հաշվի չեն առնվում, քանի որ չեն համապատասխանում իրականությանը:

«Մայիսի 6-ի առավոտյան արդեն մոտ 500 խախտում գրանցել էինք: Հաքերային հարձակումից ժամեր առաջ կայքը շատ ակտիվ էր՝ ժամում մոտ 100 հաղորդագրություն էինք ստանում»,- ասաց բանախոսը:

Ինչպես պարզաբանեց iDitord համակարգող Սամվել Մարտիրոսյանը, հարթակը հաքերային հարձակման է ենթարկվել 16:00-ին, որից հետո մոտ 3 ժամ չի գործել. «Հարձակումը շատ ուժեղ էր՝ անսպասելի ուժեղ: Դրականն այն էր, որ մինչև ընտրությունների ավարտը կարողացանք վերականգնել հարթակը: Ժամը 19:00-ին այն նորից գործում էր»:

Մարտիրոսյանի խոսքով՝ հաքերներին գտնելը չափազանց դժվար է, պատվիրատուին՝ առավել ևս: Փորձագետը ենթադրում է, որ հարձակումը կատարել են ռուս հաքերները, քանի որ «Էխո Մոսկվիի» կայքի և մեր կայքի վրա նույն հաքերներն էին հարձակվել»:

Անդրադառնալով խախտումներին՝ մասնագետները նշեցին, որ դրանց մեծամասնությունը կապված է ցուցակների անճշտության, կաշառքների, հանձնաժողովների անօրինական աշխատանքի, այլ անձանց ներկայության և կնիքների հետ: «Խախտումների կեսից ավելին գրանցվել են Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Գորիսում և Արմավիրում»,- ասաց Սոնա Այվազյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---