10 մայիսի 2012 - 16:57 AMT
2012-ի Օլիմպիադայի կազմկոմիտեի ղեկավարը խոստացել է պահպանել օլիմպիական կրակը

2012-ի լոնդոնյան Օլիմպիադայի կազմկոմիտեի ղեկավար լորդ Սեբաստիան Կոուն խոստացել է պահպանել օլիմպիական կրակը և նրա բրիտանական էստաֆետը դարձնել ողջ աշխարհի հույսերի մարմնավորում:

«Մենք խոստանում ենք պահպանել կրակը, հարգել նրա ավանդույթները և անցկացնել փոխանցավազք, որով մենք բոլորս կկարողանանք հպարտանալ և որը կարող է ոգեշնչել մարդկանց մի ողջ սերունդ»,- ասել է Կոուն:

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն, իր հերթին, նշել է, որ Միացյալ Թագավորությունում օլիմպիական ջահի ճանապարհորդության ընթացքում այն մարմնավորելու է ողջ Երկրի ժողովուրդների հույսերը և ոգեշնչումը:

Հին Օլիմպիայի քաղաքապետ Էֆտիմիոս Կոդզասը հիշեցրել է անտիկ օլիմպիադաների պատմության մասին, որոնք անցկացվել են գրեթե 1200 տարի և ժամանակակից տեսքով վերածնվել են 1896-ին, պահպանելով մի քանի կարևոր ավանդույթներ, ներառյալ օլիմպիական հաշտությունը, հաղորդում է sport.ru-ն:

Մայիսի 10-ին Հունաստանում վառվել է օլիմպիական կրակը, որը 8 օր անցնելու է հունական քաղաքներով և մայիսի 17-ին Աթենքում հանձնվելու է Լոնդոնում խաղերի կազմակերպիչներին: